«ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ընդհանուր ժողովի նիստում որոշում է կայացրել և ցանկություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար հատ բաժնետոմսերը:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը:
«Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն ունի ռազմավարական նշանակություն ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում՝ նախագծով առաջարկվում է սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 20 տոկոսին համարժեք 110 հազար ընդհանուր թվով բաժնետոմսերն ու դրանց կառավարման լիազորությունները վերապահել վարչապետի աշխատակազմին»,- մանրամասնեց նա:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը:
«Կարծում եմ, որ հատկապես ռազմավարական նշանակության ոլորտում մենք պետք է վարենք այդ քաղաքականությունը, որպեսզի քայլ առ քայլ մեր ընկերություններին մղենք դրան, և Կառավարությունը պետք է ունենա գործիքներ: Նաև այս թեմաներով ամենատարբեր շահարկումներ են անում, հիմա էլի սկսելու են՝ «Կառավարությունը 20 տոկոս բաժնեմաս է ստացել», եթե Կառավարության մի անդամի հորոխպոր տղեն 20 տոկոս բաժնեմաս ստանար, բոլորը երջանիկ կլինեին դրանից, որովհետև չէին իմանա դրա մասին ընդհանրապես: Այդ դեպքերն էլ կան, և հույս ունեմ՝ մեր դատաիրավական համակարգի գործընկերները այդ դեպքերի մասին մեր հանրությանը ցույց կտան»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Բաց մի թողեք
Բըրնհեմի էներգետիկայի ղեկավարը նոր տարվանից ակնկալում է կենսապահովման ծախսերի կրճատում
ԵՄ-ն պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել տվյալների կենտրոնների վրա։ Ոչ բոլոր երկրներն են ցանկանում դա անել
ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Լուսանկար