18/04/2024

Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում եղել է 2 զոհ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնել է զոհված զինծառայողների ընտանիքների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման տրամադրման ծևագիրը:

Գործող կարգավորմամբ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը։

Դոնորական ձվաբջջի համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝փաստացի ծախսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը։

Ընդ որում, սահմանվում է, որ շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ, իսկ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ:

Սա նշանակում է, որ անկախ նույն ընտանիքում զոհված զինծառայողների թվից՝ շահառու ծնողները հնարավորություն են ունենում դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում ստանալ առավելագույնը երկու անգամ, իսկ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։

Այժմ նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ աջակցությունը տրամադրվի յուրաքանչյուր զոհված զինծառայողի հաշվով: Այսինքն եթե ընտանիքում կա երկու զոհված, ապա պետական ծրագրից կարող են օգտվել երկու անգամ (4 անգամ դոնորական ձվաբջջի ձեռքբերման եւ 2 անգամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար):

Այս պահի դրությամբ արդեն իսկ երկու ընտանիք բանավոր դիմել է երկրորդ անգամ այս ծառայություններից օգտվելու հարցով, սակայն մերժվել են:

Այժմ հնարավորություն է ստեղծվում, որ նրաց դիմումները բավարարվել:

Նախագիծն ընդունվելու դեպքում 13,4 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա: (2 շահառու x 600,000 դրամ x 2 փորձ = 2,400,000 դրամ՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման համար, 2 x 5,500,000 դրամ = 11,000,000 դրամ՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար):