18/04/2024

ԵՄ-ն ներկայացրել է ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են իրենց մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին՝ ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում փոխգործակցությանը, կարևորվել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավախախտումների դեմ պայքարին ուղղված հիմնական ձեռքբերումները և հետագա քայլերը։

ԵՄ-ն ներկայացրել է գործող ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը, ինչը ենթադրում է ԵՄ-ում բեռնափոխադրումների նախնական տեղեկատվական համակարգի կիրառություն։ Ներկայացվել են նաև ԵՄ անդամ պետություններում համակարգի ներդրման փուլերն ու մեխանիզմները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Համընդհանուր տարանցման ընթացակարգի և ապրանքների առևտրում ձևակերպումների մասին» կոնվենցիայի շրջանակում ՀՀ՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար դեռևս 2021 թվականի դիմումի ընթացքին: Կողմերը մեկ անգամ ևս արձանագրել են ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև հաստատված տնտեսական և առևտրային սերտ գործընկերային հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: