27/07/2024

Հայտնի են Վրեժ Իսրայելյանին նվիրված «Տոնապետ 2023» գրական մրցույթի դափնեկիրների անունները. Լուսանկարներ

Երջանկահիշատակ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանի գրողների միությունում ամփոփվեցին գրողին նվիրված «Տոնապետ 2023» գրական մրցույթի արդյունքները:

Առաջին մրցանակին արժանացավ Հրաչյա Սարիբեկյանը՝ «Թիթեռներ փոստային նամականիշների վրա» ստեղծագործության համար (300 հազար դրամ), երկրորդ մրցանակը տրվեց Նարեկ Թոփուզյանին՝ «Նրանց նոր հանգրվանը» պատմվածքի համար (200 հազար դրամ), երրորդ մրցանակին արժանացան Լանա Մելիքյանը՝ «Տատիկը» պատմվածքի համար և Գրիշ Սարդարյանը՝ «Կոմպոզիտորը» պատմվածքի համար (100 հազար դրամ)։

Մրցույթը, որը նվիրված էր Վրեժ Իսրայելյանի 75-ամյակին,  հայտարարել էին ՀԳՄ-ն և «Իսրայելյան» ընտանիքը:

Վրեժ Իսրայելյանի որդին՝ արձակագիր Մհեր Իսրայելյանն ասաց՝ «Տոնապետ» մրցույթի գաղափարը հասունացել է տարիներ շարունակ: «Հայրս չէր սիրում գրական մրցույթներ, գրականությունը մրցակցության դաշտ բերելու գաղափարը չէր ողջունում ու խուսափում էր մասնակցել մրցույթների, ինձնից որոշ ժամանակ պահանջվեց այդ հոգեբանական արգելքը հաղթահարելու համար: «Տոնապետ» մրցույթի գաղափարն իրականացնելու ճանապարհին ինձ ուղղորդել են երկու շարժառիթներ՝ հորս հիշատակին արժանին մատուցելու մղումը, իսկ երկրորդը՝ հայ ժամանակակից արձակի անդաստանում պատմվածքի ժանրը խթանելու ցանկությունը»,-շեշտեց նա և հավելեց՝ պատմվածքի ժանրը դիտարկելով որպես արձակ գրականության ամենախորհրդավոր ու դիպուկ արտահայտչամիջոց՝ միշտ էլ մտածել է, թե գրողի համար պատմվածք գրելն ամենահեշտ գործն է, իսկ  լավ պատմվածք գրելը՝ ամենադժվարը:

Նա հույս ունի, որ «Տոնապետ» գրական մրցույթն իր համեստ ավանդը կբերի արձակ ժանրի, մասնավորապես պատմվածքի զարգացման գրական ընթացքին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Վրեժ Իսրայելյանը  երեսուն տարվա ընկերներ են եղել: Միլիտոնյանի խոսքով՝ Վրեժ Իսրայելյանը ջինջ էր, պարզ, միևնույն ժամանակ՝ բարդ: «Նրա տարբեր գրվածքներում կար սասունցիներին հատուկ ծռությունը: «Գարուն»-ում էինք աշխատում, երբ բերեց «Հայո» պատմվածքը, որն իմ կարդացած լավագույն ստեղծագործություններից մեկն է: Այն համր մարդու մասին ամենահնչեղ պատմվածքն է, որում  թե՛ տղամարդը, թե՛ կինը իրենց մտածումներով, գործողություններով մարդկային ջերմություն են ստեղծում: Հրաշալի է նրա «Տոնապետ»-ը, որն արժանացավ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի և այլ գործերը»,-ասաց Միլիտոնյանը:

OLD04637.JPG (344 KB)

Միության նախագահը նշեց, որ գրելիս Իսրայելյանին միշտ հուզել է, թե ինչ կասի իր կինը՝ Գայանեն, այս կամ այն ստեղծագործության մասին: «Գայանեն նրա գրվածքներում մեկ զրուցակից էր, մեկ ուղղորդող էր, մեկ հակադրվող էր և միշտ կար»,-ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

Գրականագետ Արմեն Ավանեսյանի կարծիքով՝ Վրեժ Իսրայելյան գրողը զարդարում է մեր ազգային նկարագիրը: «Վրեժ Իսրայելյանը ստեղծեց հետաքրքիր և շատ հյութեղ պատում, որտեղ նոր ու ժամանակակից գիտակցական հոսքը տարավ ու ընձյուղեց մեր ավանդական արձակի պատումներին: Երկու կարևոր բովանդակային շերտ կա Իսրայելյանի գրականության մեջ. մեկը ազգային ոգին է, հայի մարդկային նկարագրի խնդիրները, որ հեղինակը բարձրացնում է, մյուսը՝ օրվա, առօրյայի, լինելու, ապրելու խնդիրները: Նա կարողանում է այդ ամենը ներհյուսել»,-ասաց գրականագետը:

Մրցույթի ժյուրին նախագահում էր արձակագիր Մհեր Իսրայելյանը, ժյուրիի կազմում էին արձակագիրներ Սուսաննա Հարությունյանը, Հովհաննես Երանյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, գրող, երաժիշտ Աղավնի Գրիգորյանը: Ժյուրին հաղթողներին ընտրել է՝ առաջնային համարելով պատմվածքի գեղարվեստական արժանիքը։ Հաշվի են առել ստեղծագործության լեզուն, ոճը, ինքնատիպությունը, ասելիքի արդիականությունն ու հավատարմությունը համամարդկային և ազգային արժեքներին։

Հինգ տարին մեկ (առաջինը` 2028 թ.) «Տոնապետ» գրական մրցույթում հաղթած 25 պատմվածքները կհրատարակվեն հատուկ անթոլոգիայում։

Անժելա Համբարձումյան; Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի