27/07/2024

ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում․ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա լրագրողներին ասել է Վիլնյուսում, որտեղ հավաքվել էին Բուլղարիայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ քննարկելու համայնքի նոր քաղաքական ցիկլի առաջնահերթությունները Եվրախորհրդարանի ընտրություններից հետո։

«Մեզ անհավանական դժվարություններ ու մարտահրավերներ են սպասում»,- խոստովանել է նա։ «Պետք է անել ամեն հնարավորը՝ Եվրամիությունն ամրապնդելու և անվտանգությունն ապահովելու համար»։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է անվերապահորեն հաստատի իր օգնությունը Կիևին։ «Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Դրա համար մենք մոբիլիզացնելու ենք բոլոր հնարավոր ֆինանսական ու ռազմական ռեսուրսները և կօգտագործենք քաղաքական օգնությունը»,- նշել է Միշելը։

Նա նաև նոր քաղաքական ցիկլի առաջնահերթությունների թվում նշել է եվրոպական տնտեսության ամրապնդումը։ «Միասնական շուկան մեզ համար շատ կարևոր է։ Այն պետք է ամրապնդվի և ավելի շատ ներդրումներ կատարվի»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։