«Նախկինում ենթադրվում էր, որ իր անվտանգության համար եվրոպական ռազմավարական պատասխանատվության ուժեղացումը կվնասի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ հետ անջատման: Այժմ անջատման այդ ռիսկն արդեն չի բխում եվրոպական կողմից, այն բխում է ԱՄՆ-ի քաղաքականությունից»:
Այս հայտարարության հեղինակն այլ մարդ չէ, քան անվտանգության եւ արտաքին հարցերի եվրահանձնակատար Ժոզեֆ Բորելը, որ ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած համաժողովում: Եվրահանձնակատարը փաստացի բարձրաձայնում է անվտանգության ճարտարապետության խորքային տրանսֆորմացիայի հարցերը, արձանագրելով, որ ԱՄՆ «անջատվում» է Եվրոպայից:
Եվրոպայում ավելի հաճախ ու ավելի բարձրաձայն են սկսել խոսել այն մասին, որ աշխարհամասը պետք է ունենա անվտանգության իր կառուցվածքը եւ առավելագույնս անկախ լինի Միացյալ Նահանգներից: Սա պայմանավորել լոկ նրանով, որ Եվրոպայում սպասում են Թրամփի ընտրություն, թերեւս կլինի սխալ:
Օրինակ, հանձնակատար Բորելը խոսում է Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունից բխող տպավորության եւ իրողությունների մասին, այլ ոչ թե Թրամփի հավանական ընտրությամբ պայմանավորված հեռանկարի: Գրեթե կասկած չկա, որ Եվրոպայում այդ խոսակցությունը խթանում է հենց ինքը՝ ԱՄՆ: Թվում է անիրատեսական, անհավանական, որ ԱՄՆ հեռանա Եվրոպայից:
Բայց, մյուս կողմից, առկա խոսակցությունները թերեւս պետք չէ դիտարկել հեռանալու իմաստով: ԱՄՆ ըստ էության դրել է եվրոպական անվտանգության եւ ռազմա-քաղաքականության համակարգը վերափոխելու խնդիր, ընդ որում՝ առանց հաստատված «գլխավոր հատակագծի»:
Վաշինգտոնը հանձն չի առնում որեւէ «հատակագիծ» պարտադրելու առաքելություն, այլ նույնիսկ կարծես թե «բաց է թողնում» Եվրոպան որոշակի ներին մրցակցության ռեժիմում, հետեւելու համար, թե ինչ կոնֆիգուրացիաներ կձեւավորվեն՝ որպես եվրոպական անվտանգության ճարտարապետության ապագա առանցք:
Այդ գործում ակտիվորեն ներգրավված են Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, իր հավակնությունն է դրսեւորում Հունգարիան, պատրաստվում է Թուրքիան:
Նահանգներն ըստ ամենայնի փորձում է անցնել ռեժիմի, երբ Եվրոպայի հանդեպ «վերահոսկողությունը» կիրականացվի ոչ թե ուղղահայաց ազդեցության, այլ հենց ներքին մրցակցության ու հակակշիռների սկզբունքով, ստանձնելով ոչ թե վերադասի կամ ոստիկանի, այլ՝ արբիտրի դեր:
Այդ հանգամանքը ըստ ամենայնի պայմանավորված է նաեւ նրանով, որ Նահանգների համար ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դժվար է պահպանել համաշխարհային հեգեմոնության դիրքը, այն պահանջում է ավելի մեծ ռեսուրսներ, միաժամանակ արդեն ունի հակազդեցության, դիմադրության ավելի մեծ ու շատ օջախներ, ըստ այդմ ենթադրում է օպտիմալացում:
Ըստ ամենայնի, այդ սկզբունքը Վաշինգտոնը կիրառելու է բոլոր առանցքային ռեգիոններում, իր ներուժի հիմնական կենտրոնացումը կատարելով Ասիա-խաղաղովկիանոսյան գոտում՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ Նահանգների գլխավոր մրցակից հռչակված Չինաստանին ավելի մոտ:
Բաց մի թողեք
Բլեֆ, որով Պուտինը փորձում է կանգնեցնել Վաշինգտոնին
Անկարան չի ուզում հայ-թուրքական հարաբերության կարգավորում, քանի դեռ անորոշ է դրա «միջազգային գինը»
«Ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն