21/05/2024

Պուտինը «փորձաքար» է առաջարկում, մի յուրօրինակ «քննություն»՝ հետխորհրդային տարածքի երկրներին

Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12:00-ին նշանակված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Bild-ը գրում է, որ Մոսկվայում կանցկացվի «ռազմավարային զինտեխնիկայի ցուցահանդես՝ նվիրված ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվան»:

Խոսքն ուկրաինական ռազմաճակատում արեւմտյան արտադրության սպառազինությունների մասին է, որ Ռուսաստանը ռազմավար է վերցրել անցած ավելի քան երկու տարիներին: Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ «ցուցահանդեսը կկազմակերպվի Մոսկվայի հրապարակներից մեկում»:

Բրիտանական Daily Espress-ը գտնում է, որ դա Վլադիմիր Պուտինի՝ Միացյալ Նահանգներին հասցեագրած խորհրդանշական ակնարկն է: Նա, ըստ բրիտանացի հեղինակի, նման որոշում ընդունել է ԱՄՆ կողմից Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակելու «որոշմանն ի պատասխան»: Մոսկվայում կցուցադրվեն «լրիվ սարքին վիճակում առգրավված ամերիկյան զրահամեքենաներ, գերմանական տանկեր, ֆրանսիական հրետանային համակարգեր»: Եթե տեղեկությունը հավաստի է, ապա Ռուսաստանի նախագահն, իրոք, կազմակերպում է քարոզչական մեծ նշանակության միջոցառում:

Ըստ երեւույթին, պատերազմի երկարաձգումը, Ռուսաստանի քաղաքների եւ կրիտիկական ենթակառուցվածքների ուկրաինական թիրախավորումները, մարդկային կորուստների մասին հակասական տեղեկությունները եւ պատերազմական իրավիճակով պայմանավորված դժվարությունները հանրային տրամադրությունների «տեղաշարժի» առիթ են հանդիսացել:

Բրիտանական Guardia-նի աղբյուրները հայտնում են, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը «հանգամանալի զեկույց է պատրաստել, որին Պուտինը դեռեւս բարձրաստիճան պաշտոնյաններին չի ծանոթացրել»:

Ենթադրվում է, որ Պատրուշեւը Պուտինին «խորհուրդ է տվել ամրապնդել պաշտոնյաների կատարողական կարգապահությունը»: Որոշ մեկնաբաններ ՌԴ պաշտոպանության նախարարությունում «արմատական կադրային փոփոխություններ» են կանխատեսում: Ռազմավար սպառազինությունների մոսկովյան ցուցահանդեսը, որ կգործի մեկ ամիս, հոգեբանական մեծ ազդեցություն կունենա եւ կասոսացվի ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի առաջին զորահանդեսի ոգեւորությանը:

Daily Express-ի մեկնաբանը շատ հեռուն գնացող ենթադրություն է անում՝ համարելով, որ ռազմավար սխառազինությունների ցուցահանդեսի կազմակերպումը «խորհրդանշում է ուկրաինական պատերազմը մինչեւ վերջ շարունակելու եւ Կիեւին կապիտուլյացիա պարտադրելու՝ Ռուսաստանի նախագահի վճռական մտադրությունը»: Սա, երեւի, շատ հավանական սցենար է կամ, համենայն դեպս՝ բավական իրատեսական կանխատեսում: Ինտրիգն այն է, որ ոչ ոք դեռեւս չգիտի՝ ռազմավար սպառազինությունների ցուցահանդեսին Պուտինի երդմնակալությանը հրավիրված հյուրերը ներկայանալու՞ են:

Այս հարցին Կրեմլի արարողակարգից հստակ պատասխան չկա: Եւ խնդիրը մնում է բաց՝ Պուտինի «հաղթակամարը» ռուսաստանցիներին ոգեշնչելու՞, թե օտարերկրյա հյուրերին «ինչ-որ բան հասկացնելու՞» համար է: Եթե արարողակարգը նախատեսի, որ Պուտինի երմնակալությանը մասնակցած օտարեերկրյա պաշտոնյաները պետք է մասնակցեն «հաղթակամարի» բացմանը, ապա շատերի համար դա փորձություն կլինի բառի բուն իմաստով: Ներկայանալ՝ կնշանակի փաստացի ողջունել ուկրաինական ճակատում ռուսական զենքի հաջողությունները, չներկայանալն էլ կդիտվի որպես «աջակցություն» Ուկրաինային:

Ստացվում է, որ Պուտինը «փորձաքար» է առաջարկում, մի յուրօրինակ «քննություն»: Մանավանդ՝ հետխորհրդային տարածքի երկրներին: Կարծես թե ստույգ է, որ Պուտինի երդմնակալության արարողությանն Ադրբեջանի նախագահը չի ներկայանա: Իր բաժին «քննությունը նա հանձնել է» ապրիլի 22-ին: Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ մայիսի 7-ին «Նիկոլ Փաշինյանին սպասում են»