Բաքվում Ուկրաինայի դեսպանը մեջբերել է մայիսի 28-ի առթիվ Իլհամ Ալիեւին հղած՝ Ուկրինայի նախագահի ուղերձը նա գրել է. «Բարձր եմ գնահատում մեր կառուցողական երկխոսությունը, ուստի ակնկալում եմ Խաղաղության խորհրդաժողոին ձեր անձնական մասնակցությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի գործուն ներգրավումը ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովի մասնակցությանը»:
Ուկրաինայի նախագահը նույնաբովանդակ ուղերձ Ալիեւին հղել է նաեւ տարեսկզբին, ինչին Ադրբեջանի նախագահը պատասխանեց Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո. Ադրբեջանը չի միանա հակառուսաստանյան կոալիցիային, կշարունակի Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերել, բայց երբեք սպառազինություններ չի տրամադրի:
Ուկրաինայի նախագահն, ըստ այդմ, Իլհամ Ալիեւին փաստացի անկյուն է քշում՝ ակնկալելով նրա անձնական մասնակցությունը մի խորհրդաժողովի, որի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը բացահայտ թշնամական է: Եւ դա արվում է մի իրավիճակում, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները երկու կողմերը գնահատում են «փոխշահավետ, ռազմավարական-գործընկերային եւ դաշնակցային»: Ասել, թե Ուկրաինայի նախագահը տեղյակ չէ ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորքին, միամտություն կլիներ:
Զելենսկին նաեւ հույս է հայտնում, որ Ադրբեջանը ներգրավվի Խաղաղության խորհրդաժողովի մասնակցությանը: Ասվածը, գուցե, հասկացվի այն իմաստով, որ Ալիեւը կարող է ոչ միայն ինքը ներկա գտնվել, այլեւ «ապահովել ուրիշների ներկայությու՞նը»: Խոսքը Թուրքիայի մասի՞ն է: Նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, առանցքային է եղել ուկրաինական ճգնաժամի քննարկումը: Պաշտոնական հաղորդագրությունը միայն մի ձեւակերպում է բացահայտել. Էրդողանն ասել է, որ Ուկրաինայում «հումանիտար վիճակն օրըստօրե վատթարանում է»:
Խնդրին լրացուցիչ սրություն է հաղորդում ՌԴ նախագահի հայտարարությունը, որ Վլադիմիր Զելենսկին «այլեւս լեգիտիմ չէ, Ուկրաինայում օրինական իշխանության մի մարմին կա՝ Գերագույն Ռադան»: Մինչ այդ Պուտինն ասել է, որ Խաղաղության խորհրդաժողովի գլխավոր նպատակն է «լեգիտիմացնել Զելենսկիի իշխանությունը»: Ռուսաստանցի փորձագետները Պուտինի դիտարկումը գնահատել են ,,դարակազմիկ»: Այն իմաստով, որ նա իրավունք ունի ասել. «Ես բանակցությունների պատրաստ եմ, բայց Ուկրաինայում լեգետիմ նախագահ չկա»:
Դա պատերազմը լեգիտիմացնելու հնարավորություն է: Ալիեւը կօգնի՞, որ Զելենսկին միջազգային լեգիտիմություն ստանա, թե՞ կաջակցի պատերազմը լեգտիմացնելու Պուտինի քաղաքականությանը: Մոսկվայից վերադառնալով՝ նա ասել է, որ ուկրաինական պատերազմի ելքը ոչ ոք չի կանխատեսում, բայց հրադադարի հաստատման հնարավոր է հասնել: Ներկայիս շփման գծով հրադադարի հաստատմանը Զելենսկին համաձայն չէ, բայց ո՞վ է ասել, թե Ուկրաինայի եւ ուկրաինական պատերազմի ճակատագիրը նա է որոշում: Կամ Իլհամ Ալիեւը կարող է ինքնուրույն վճիռ կայացնել՝ մեկնու՞մ է ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին, թե՞՝ ոչ:
Ադրբեջանցի փորձագետներից մեկի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման «միջնորդություն կարող է իրականացնել թուրքական աշխարհը»: Բայց «թուրքական աշխարհից,, ո՞վ: Կամ այդ հարցում «թուրքական աշխարհը» միասնակա՞ն է: Իսկ Ռուսաստանի եւ «թուրքական աշխարհի» հարաբերություննե՞րը: Բայց ամենաէականը, թերեւս, այն է, թե Ուկրաինայի ռազմաքաղաքական հովանավորները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, ընդունու՞մ են «թուրքական աշխարհի միջնորդությունը»: Ընդունել՝ կնշանակի «թուրքական աշխարհը» լեգիտիմացնել որպես նոր աշխարհակարգում ուժի ինքնուրույն բեւեռ:
Արեւմուտքին դա սկզբունքորեն ձեռնտու չէ: Իսկ գուցե Ռուսաստանին պե՞տք է: Գուցե Ալիեւը Շվեյցարիա մեկնի որպես Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի «հատուկ բանագնա՞ց»:
Բաց մի թողեք
Կրեմլը չի սպասում Փաշինյանի որոշմանն ու հայտնում է իր «որոշումը»
ԱՄՆ արձագանքը կմեղմի արդյոք Ադրբեջանին
Ռուս-ուկրաինական պատերազմը գոնե եկող տարվա ընթացքում չի ավարտվի