10/10/2024

Բաքուն չի ուզում պայմանագիր եւ խաղաղություն, խաբում են Փաշինյանին ու մեզ՝ բոլորիս

Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ տարածքների ավելի ճշգրիտ քարտեզներ, հայտարարել է Ալիեւի օգնական Ամիրբեկովը, ասելով, թե մինչեւ այս փոխանցված քարտեզները չեն պարունակում բավարար տվյալներ:

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի հետեւանքով իր օկուպացրած տարածքներում իրականացնում է հերթական այսպես ասած հակաականային միջազգային համաժողովը: Ամիրբեկովը խոսել է այդ շրջանակում, բայց ըստ էության արտահայտել Հայաստան-Ադրբեջան այսպես ասած խաղաղության գործընթացի շրջանակում Ադրբեջանի ապակառուցողականության հերթական վկայությունը: Բաքուն նշում է, որ «ավելի ճշգրիտ» քարտեզները կարտահայտեն փոխադարձ վստահության պատրաստակամություն:

Երեւանը բազմիցս արտահայտել է, հայտարարել, որ չունի առավել ճշգրիտ քարտեզներ եւ տրամադրել է իր ձեռքի տակ եղած առավելագույնը: Ընդ որում, պաշտոնական Երեւանը երբեմն նաեւ քարտեզներ տրամադրելու հարցում գործել է միակողմանի, անելով բարի կամքի եւ մարդասիրական ժեստ: Բայց, Ադրբեջանից դրա դիմաց ստացվում է միայն ու միայն դժգոհություն, նոր հավակնոտություն եւ շանտաժ: Ամիրբեկովի հայտարարությունը դրա հերթական վկայությունն է, որը ցույց է տալիս, որ Բաքուն բոլորովին մտադիր չէ Երեւանի հետ գնալ իրապես փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու, ինչը նաեւ հավասարակշռված գործընթացի գրավականն է:

Ադրբեջանը դրա փոխարեն անընդհատ ներկայացնում է պահանջներ, մեղադրանքներ, «վստահության» հարցի պատասխանատվությունը թողնում է Հայաստանի վրա, այն դեպքում եւ միանգամայն ակնառու է, որ Երեւանն է գործում առավելապես վստահության միջավայր ձեւավորելու տրամաբանությամբ: Ավելին, Հայաստանի այդ մոտեցումը նույնիսկ անցնում է ողջախոհության սահմանը, երբ հատկապես դիտարկվում է Ադրբեջանի լիովին հակառակ վարքագծի ֆոնին:

Նույն Ամիրբեկովը օրեր առաջ հայտարարել էր, թե նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի համաշխարհային գագաթննաժողովը լավ հարթակ կարող է լինել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Երեւանից արձագանքեց վարչապետ Փաշինյանը, ի պատասխան դրա վերաբերյալ հարցի ասելով, որ ստորագրության տեղն ու ժամկետը չէ կարեւոր, այլ կարեւոր է, որպեսզի խաղաղության շուրջ համաձայնեցված հիմնարար սկզբունքները արտացոլվեն, վերարտադրվեն պայմանագրի տեքստում:

Երեւան այդ կերպ բավականին զուսպ հռետորաբանությամբ արձանագրեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հանգամանքը կախված է Ադրբեջանի դիրքորոշումից՝ Բաքուն ուզու՞մ է պայմանագիր, ուզո՞ւմ է խաղաղություն, հետեւաբար՝ հավասարակշռված սկզբունքներ ու համաձայնություններ, թե՞ ուզում է պայմանագիր, որը կկազմվի ամբողջապես ուժի շանտաժի եւ միակողմանի զիջումների ներքո:

Ամիրբեկովը անմիջապես առաջ է քաշում ականների քարտեզի խնդիրը եւ փորձում մեղադրել Երեւանին «ճշգրիտ քարտեզներ» չտրամադրելու համար, այդպիսով ճշգրիտ կերպով արտացոլելով, որ Բաքուն չի ուզում պայմանագիր եւ խաղաղություն: