10/10/2024

Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմը իր շուրջն է հավաքել համաշխարհային աստղերին, շնորհանդեսը՝ հուլիսի 8-ին

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի շրջանակում հուլիսի 8-ին Երեւանում տեղի կունենա նրան նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

AVA FILMS-ի, ֆրանսիական LA HUIT-ի եւ Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ հայ-ֆրանսիական կինոնկարն ունի միջազգային թիմ եւ լայն աշխարհագրություն: Ֆիլմի ստեղծագործական կազմն ընդգծում է՝ Փարաջանովն ազատատենչ էր, մեծ հռչակ էր վայելում, ուստի այլ կերպ նրան անդրադառնալ չէին կարող:

Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ Զառա Ջյանի խոսքով՝ Հայաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Լատվիայում նկարահանված կինոնկարի պրեմիերային ներկա կլինեն հեղինակավոր հյուրեր, որոնք հանդես են եկել որպես ֆիլմի հերոսներ:

Ջյանն ասում է՝ կինոնկարի հարցազրույցի հերոսները բաժանված են երեք մասի՝ հետխորհրդային շրջանի մշակութային գործիչներ, մշակույթի գործիչներ, Ս. Փարաջանովի գործընկերներ եւ ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ: Ֆիլմում ընդգրկված են Ատոմ Էգոյանը, Թարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան, Ջոել Կապրոն, Ալի Խամրաեւը, Լորա Գուերան, Լեւոն Աբրահամյանը, Արտավազդ Փելեշյանը:

«Ֆիլմի ճանապարհը սկսվեց փարաջանովյան ոճով՝ միստիկ իրադարձություններով լի: Երբ սցենարը նոր էինք գրել եւ պետք է սկսեինք մեր ճանապարհը, հասկացանք, որ 2024-ին Փարաջանովի 100-ամյակն է: Նախորդ տարի մայիսին մեզ անհնար էր թվում կարճ ժամանակահատվածում այս ամենն իրականացնելը: Բարեբախտաբար, ամեն բան կարողացաք միասին անել: Ամեն ինչ սկսվեց Էմիր Կուստուրիցայից. նրան նկարահանելու նպատակով մեկնեցինք Սերբիա, ապա «Ոսկե ծիրան»-ի շրջանակում շատերը ժամանեցին Հայաստան, ինչը, իհարկե, հիանալի հնարավորություն էր:

Մեր ֆիլմի հերոսները հրաշալի զուգադիպությամբ ճիշտ պահին հայտնվում էին ճիշտ տեղում: Ֆիլմի պատկերի հեղինակ Նորայր Կասպերի միջոցով էլ, որ Ատոմ Էգոյանի հետ աշխատել է եւ ընկերն է, կարողացանք Բեռլինում նկարահանել Էգոյանին: Վերջինիս մասնակցությունը հրաշքի պես էր, քանի որ մեծ զբաղվածություն եւ ժամանակի սղություն ուներ: Իսկապես, ֆիլմին պետք էր նաեւ Ատոմ Էգոյանի պես հերոս, որը կներկայացներ մեր ազգային ողբերգության պատճառները: Թարսեմ Սինգխն էլ, ընդունելով առաջարկս, մեծ ճանապարհ անցավ, որպեսզի հենց Հայաստանում նկարահանենք նրան»,- պատմում է ռեժիսորը:

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ դրամատիկ իրադարձություններով պայմանավորված, երկիրը լքելու եւ հայրենիք՝ Հայաստան, վերադառնալու որոշմամբ, որտեղ պետք է գտնի կյանքը շարունակելու արժեքավոր օրինակ եւ լուծումներ: Փարաջանովի թանգարանը դառնում է ոգեշնչման վայր: «Ինչպես ֆիլմի խաղարկային հատվածում հերոսուհին թողնում է իր բնակավայրը, այնպես էլ ես՝ 2020-ից հետո չէի կարողանում ապրել Մոսկվայում: Երբ Երեւանում ծանոթներիս ուղեկցում էի Փարաջանովի թանգարան, մի պահ կանգնեցի Փարաջանովի «Երեք ազգերի զավակ» ինքնանկարի դիմաց, ինչ-որ մի բան տեղի ունեցավ ներսումս: Տեսնելով ինքնանկարը՝ հասկացա, թե խորհրդային տարիներին Փարաջանովը որքան դժվարությունների միջով է անցել, սակայն հավատարիմ է մնացել իր գործին. իսկական հանճար էր: Մեծ շնորհակալություն եմ հայտնում Փարաջանովի թանգարանի անձնակազմին, Զավեն Սարգսյանին, որ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա շնորհիվ ունենք այդ թանգարանը»,- եզրափակում է Զառա Ջյանը: