16/07/2024

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հավանականությունն ու ռուս – ամերիկյան դիրքավորումները

Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերը Երեւանից Բաքվին ուղերձ է հղել եւ հորդորել զգուշանալ, մտածել, թե «ինչի կարող է բերել Պուտինի Ռուսաստանի հետ միավորումը»: Նրան հասկանալ կարելի է.

Ալիեւը մերժել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամերիկյան առաջարկությունը, որ նրան ներկայցրել է փոխպետքարտուղար Օ՛Բրայանը: Բայց ո՞վ է ասել, թե Ադրբեջանը «միավորվում է Պուտինի Ռուսաստանին» կամ նման ցանկություն ունի:

ՇՀԿ Աստանայի գագաթաժողովում Իլհամ Ալիեւը Ռուսաստանից, ընդհակառակը, հեռացել է եւ մոտ օրերս կայցելի Պակիստան: Իսկ մինչ այդ ռազմավարական համագործակցության հռչակագիրը ստորագրել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Ադրբեջանը հետեւողականորեն հաղթահարում է «սատելիտ երկրի» բարդույթը: Դա տեսանելի է անգամ Թուրքիայի հետ հարաբերություններում, ինչի վկայությունը է փաստը, որ Էրդողանը Շուշի չի մեկնել:

Սենատոր Ուիքերը կարող էր Ալիեւին ուղերձ հղել Վաշինգտոնից: Ավելի քան երեսուն կոնգրեսական Ադրբեջանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որ այդպես էլ չի քննարկվում: Լավագույն եւ սթափեցնող ազդակ կլիներ, եթե Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի եւ անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մյուս զինվորականների Միացյալ Նահանգներ մուտքն արգելվեր:

Ամերիկացի սենատորը, կարծես, կանխորոշում է, որ Հայաստանը չի կարող «Պուտինի Ռուսաստանի գործընկեր» լինել: Այդպես շուրջ երեսուն տարի Ռուսաստանը է կանխորոշել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հետեւանքն աղետալի էր, բայց դրանից ուղղակի-միանշանակորեն չի հետեւում, թե Հայաստանը պետք է լինի միայն այնտեղ, որտեղ Միացյալ Նահանգներն է:

Մանավանդ որ Միացյալ Նահանգները միայն այնտեղ չէ, որտեղ Հայաստանն է: Կողմերի քաշային կարգերն, իհարկե, անհամեմատելի են, բայց համագործակցության առանցքում պետք է լինի «մի վնասիր» սկզբունքը: Սենատոր Ուիքերը Հայաստանի Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկումներում ի՞նչ է ներկայացրել՝ հայտնի չէ, բայց նրա հրապարակային հայտարարությունը չի նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը:

ԱՄՆ-ին մերժելու համար Ալիեւը թիկունքային ապահովություն ստեղծում է՝ Ռուսաստան, Չինաստան, Պակիստան, ամենայն հավանականությամբ՝ նաեւ Իրան: Չխոսած Թուրքիայի բազմակողմանի օժանդակության մասին: Եւ Հայաստանը չի կարող իրողություններն անտեսել միայն նրա համար, որ Միացյալ Նահանգներն այդպես է ցանկանում: Մանավանդ որ ոչ ոք չգիտի, թե նոյեմբերին ով է ԱՄՆ նախագահ ընտրվելու եւ կովկասյան ինչ քաղաքականություն է որդեգրելու:

Ռուսաստանի «ֆորպոստի մրից» Հայաստանը դուրս է գալիս ծանրագույն կորուստներով: Ամերիկյան «մրջրի» մեջ մտնելու անհրաժեշտություն գոնե աշխարհաքաղաքական այս «միջսեզոնի փուլում» չկա: Բոլոր գործոնները պետք է հաշվարկվեն, ռիսկերը՝ լրջորեն գնահատվեն:

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հավանականությունը, գուցե, մեծ չէ, բայց Բաքուն դասավորվում է մի «էշելոնում» եւ ինտիտուցիոնալացման ձգտում, որ կարող է ավելի լայնածավալ պատերազմի կողմ լինել: Հայաստանը նման ռեսուրսներ չունի՝ մեկ, երկրորդ՝ առարկայական շահ նույնպես չի դիտարկվում: