18/07/2024

Թավշյա հեղափոխության մերն ու նրա ․․․ զավակները

Նախկին ոստիկանապետներ Վովա Գասպարյանն ու Վալերի Օսիպյանը՝ որը մինչ ոստիկանապետ դառնալը Գասպարյանի ենթական էր, հրապարակային մեղադրանքներ են ներկայացրել միմյանց:

Նախ Վովա Գասպարյանն է Օսիպյանին մեղադրել դավաճանելեւ համար՝ ընդ որում թե դեռեւս 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավումից սկսած, եւ թե նաեւ 2018-ից հետո իրեն (Օսիպյանին) ոստիկանապետ նշանակած եւ գեներալի կոչում տված Նիկոլ Փաշինյանին: Վալերի Օսիպյանն էլ պատասխանել է իր նախկին վերադասին, թե «դավաճաններին փնտրեք ձեր շրջապատում»:

Ինչ խոսք, նախկին ոստիկանապետների բավականին լուրջ զբաղմունք է, որի միջոցով նաեւ հնարավոր է զբաղեցնել հանրությանը, որը հացից հետո ամենից շատ սպառում է թերեւս տեսարաններ, իսկ երբեմն գուցե հացից էլ ավելի:

Խոշոր հաշվով, հայկական պետականության բեկված ճակատագիրը հենց հետեւանքն է նրա, որ Հայաստանը մշտապես կառավարվել, ու ցավոք՝ շարունակում է կառավարվել այդ «դասական» սկզբունքով:

Ըստ էության, կառավարման որակի եւ լրջմտության որոշակի ցուցիչ է եւ այն, թե իրենց պաշտոնը թողնելուց հետո ինչով են զբաղվում որեւէ երկրի բարձրաստիճան նախկին պաշտոնյաները, լինեն դրանք քաղաքական, տնտեսական, թե՞ ուժային-իրավապահ բլոկի ներկայացուցիչներ:

Հայաստանի հանրապետության անկախ պետականության մոտ երեք տասնամյակի կառավարման որակն ու լրջությունը, բայց թերեւս ավելի շուտ՝ անորակությունն ու անլրջությունը պատկերացնելու համար բավական է հետեւել, թե ինչով են զբաղված այդ ընթացքում բարձրաստիճան, կարեւոր պաշտոններ զբաղեցրած անձինք այդ պաշտոնները թողնելուց հետո, ինչպես են նրանք մտածում հետպաշտոնեական շրջանում, ինչի կատեգորիաներով է կառուցված նրանց որեւէ հանրային խոսք, ինչպիսին է ընդհանրապես հանրության հետ նրանց հարաբերությունը:

Հայաստանում, որպես կանոն, պաշտոնաթողության կամ այսպես ասած պոստպաշտոնեական շրջափուլը առնվազն գերակա մեծամասնության համար բնորոշվում է մի երեւույթով՝ «ռազբորկա», «ռազբորկա» միմյանց միջեւ, ըստ էության բոլորը բոլորի հետ, բոլորը բոլորի դեմ սկզբունքով:

Իսկ դա մի պետության պարագայում, որի թե աշխարհագրական դիրքը, թե աշխարհաքաղաքական մարտահրավերները, թե անվտանգային անմիջական հրամայականները՝ օպերատիվ, միջնաժամկետ, երկարաժամկետ, պահանջել ու պահանջում են կառավարող էլիտաների լրջմտության գերադրական աստիճան, ընդ որում ոչ միայն նրանց պաշտոնեական գործունեության ընթացքում, այլ նաեւ դրանից հետո, որովհետեւ խոշոր հաշվով դա ցանկացած հասարակության եւ պետության կյանքում մի մշտական «մթնոլորտային շերտ» է՝ կազմված գործող եւ պաշտըոնաթող բարձրաստիճան գործիչներից, իրենց գոյությունից բխող բովանդակությամբ կազմում են պետության ճակատագիրը վտանգավոր արտանետումներից պաշտպանող «օզոնային շերտը», որը Հայաստանում ոչ միայն ծակված է, այլ պարզապես պատառոտված: