ՌԴ նախագահի օգնական Ուշակովը ազդարարել է, որ Պուտինը սեպտեմբերի 1–ին Կիրգիզիայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա տեղի կունենա Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Ուշակովն իհարկե խոսել է նաեւ այն մասին, որ հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի հետ լավ հարաբերության կողմնակից ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունների «անսովոր ֆոնին»։
Ուշակովի այս խոսքերը Հայաստանում թողնում են տպավորություն, թե Պուտինը սեպտեմբերի 1–ին խիստ կբարկանա Փաշինյանի վրա՝ օրինակ երկրորդ նախագահ Քոչարյանին ձերբակալելու համար։ Իհարկե որեւէ մեկը չի հայտարարի այդպես ուղղակի, բայց մինչեւ սեպտեմբերի 1–ը թերեւս կլսենք այդ իմաստը պարունակող շատ կարծիքներ։
Ես չգիտեմ իհարկե, Պուտինը կբարկանա՞ Փաշինյանի վրա՝ երկրորդ նախագահին ձերբակալելու համար, թե՞ ոչ։ Բայց, եթե որեւէ մեկին հետաքրքիր է իմ կարծիքը, ապա նշեմ, որ ըստ իս՝ ոչ, չի բարկանա։
Փորձեմ փաստարկել։ Եթե Պուտինը բարկանա, ապա այդ բարկությունը պետք է ունենա արդյունք։ Եթե ոչ, ապա Պուտինը կհայտնվի անհարմար վիճակում։ Բայց, եթե Պուտինի բարկությունը ունենալու է արդյունք, ապա Նիկոլ Փաշինյանն ըստ իս ունի բավարար ողջախոհություն, որպեսզի պատկերացներ Պուտինի հնարավոր բարկությունն ու դրա հետեւանքը, ըստ այդմ՝ նրա սեպտեմբերի 1–ի հնարավոր հանդիպումից առաջ չգնար երկրորդ նախագահի հանդեպ այդպիսի գործողությունների։
Հետեւաբար, կամ Պուտինի բարկությունը Փաշինյանի համար ոչինչ է, իսկ ես այդուհանդերձ չեմ կարծում այդպես, կամ Փաշինյանը վստահ է, որ Պուտինի համար այդ հարցը գոնե ներկայումս չի կարող լինել առաջնահերթ։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։
Կառաջանա հարց, թե այդ դեպքում ինչո՞ւ է բարձրաձայնում Ուշակովը, եթե չի լինելու գործնական ջանք։ Նախ, Կրեմլն իհարկե դեմ չի լինի ցույց տալ իր հանդեպ դրական տրամադրված հասարակական–քաղաքական շրջանակներին, որ անտարբեր չէ երկրորդ նախագահի հանդեպ։ Երկրորդ, ես պարբերաբար խոսում եմ այն սխեմայի մասին, որի շրջանակում է իմ գնահատմամբ գործում Ռուսաստաի Հայաստանի հանդեպ։ Օրինակ, նախօրեին դրա մասին խոսել եմ նաեւ Երկիր Մեդիայի եթերում։ «Թույլ տալով» Հայաստանին վարել ՌԴ հանդեպ համեմատաբար նվազ ռիսկեր պարունակող քաղաքականություն, Ռուսաստանը լուծում է Կովկասում առավել խոշոր ռիսկ կամ սադրանք ստանալու ռիսկից ապահովագրվելու հարց։ Ռիսկ, որը կարող են առաջացնել արդեն եվրաատլանտյան այն շրջանակները, որոնք Կովկասը կարող են դիտարկել ՌԴ դեմ «երկրորդ ճակատի» հնարավորություն։
Դա անելու հնարավորությունից զրկելու միակ տարբերակը այդ շրջանակներին Հայաստանի անվտանգության ու կայունության հանդեպ անմիջական պատասխանատվության դաշտ բերելն է։ Ռուսաստանը «օգնում» է, որ Փաշինյանը կարողանա անել դա։ Հնարավոր չէ դա անել առանց այսպես ասած էքսցեսների ու ռիսկերի, բայց կա առաջնահերթությունների հարց եւ Ռուսաստանի համար էականը գլոբալ ռիսկ ու սադրանք, այլ կերպ ասած՝ ակտիվ երկրորդ ճակատ թույլ չտալն է։
Իսկ այդ պարագայում իհարկե պետք է չխանգարել, եւ առավելագույնս նպաստել այն տրամաբանությանը, որով Փաշինյանը «կապում» է եվրաատլանտյան այդ շրջանակներին։
Հասկանալի է, նրանք միամիտ չեն, կարող են հասկանալ այն, ինչ օրինակ առնվազն ես եմ պատկերացնում իմ համեստ կարողությամբ։ Բայց, մյուս կողմից, իսկ Փաշինյանին կտրականապես «չհավատալու» դեպքում ի՞նչ պետք է անի Եվրաատլանտյան այդ թեւը, երե՞ս թեքի Հայաստանից։ Այնպես, որ խաղի տրամաբանությունը թելադրված է, ու այստեղ «եվրաատլանտիստները» հայտնվել են որոշակի «աքցանում», իհարկե իրենց հերթին փորձելով Փաշինյանին դնել «հավատարմության նորանոր երդումների» անհրաժեշտության առաջ։ Բայց, հենց այստեղ է, որ Ռուսաստանի համար այդ ռիսկերը գուցե տհաճ, բայց առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը։
Այդպիսով, կարծում եմ, որ առավելագույնը, ինչ Ռուսաստանը կարող է անել երկրորդ նախագահի հետ կապված հարցում, Փաշինյանի՝ սակարկության որեւէ առաջարկ լսելը կամ քննարկելն է։
Կանի՞, թե՞ ոչ, այլ հարց է։ Բայց, ես դեռեւս օգոստոսի 24–ին Օրվա թեմայի թողարկմանն եմ նշել, որ երկրորդ նախագահի հանդեպ վարչապետ Փաշինյանի գործողության մոտիվների շարքում կա թերեւս նաեւ այդ հաշվարկը կամ ակնկալիքը։
Հակոբ Բադալյանի տելեգրամյան ալիքից

Բաց մի թողեք
Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի մեղադրանքը
Իսլամական նոր ՆԱՏՕ-ի ձևավորման արդյունքում Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը կարող է փոխվել
Հայաստանում «թեժ աշո՞ւն է ծրագրվում»