Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա:
Արտգործնախարարները Վաշինգտոն են մեկնում ԱՄՆ պետքարտուղարի հրավերով՝ հուլիսի 9-10-ին ԱՄՆ-ում կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում միջոցառումների մասնակցելու համար: Այդ մասին հայտնի դարձավ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանի Բաքու այցից հետո:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին բարձրաձայնում չի եղել, սակայն, երբ հայտնի դարձավ նրանց հրավերի մասին, բնականաբար հանրային հետաքրքրության ներկայացնող առաջին հարցն այն էր, թե արդյո՞ք կլինի հանդիպում:
Հայաստանի ԱԳՆ արձագանքից պարզ չէ, թե արդյո՞ք ամերիկյան կողմը փորձել է ստանալ այդպիսի հանդիպման համաձայնություն: Փորձել է, սակայն չի՞ ստացել կողմերի համաձայնություն, կամ չի կարողացել հասնել այդպիսի համաձայնության, թե՞ չի էլ եղել փորձ եւ այդպիսին կլինի հենց Վաշինգտոնում:
Հնարավոր է, որ Նահանգները հարցին մոտենում է հետեւյալ տրամաբանությամբ. եթե կա հանդիպման միջոցով որեւէ մեծ կամ փոքր, բայց առարկայական համաձայնություն արձանագրելու հնարավորություն, ապա արժե կազմակերպել այդպիսի հանդիպում, իսկ, եթե ոչ՝ ապա չարժե մտնել հանդիպման տեղեկատվական ազդեցության պատասխանատվության տակ:
Ադրբեջանը թե Ջեյմս Օ Բրայանի Բաքու այցի ընթացքում, թե նաեւ նախօրեին, հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը: Պաշտոնական Երեւանը շրջանառում է նոր Սահմանադրության օրակարգ, ասելով, թե դա իր ներքին գործն է, ոչ թե Բաքվի պահանջը: Բայց, այդ բացատրությունը հնչում է խիստ անհավաստի, երբ Ադրբեջանը զուգահեռ կրկնում է իր պահանջը, այն էլ միջազգային պատվիրակությունների հետ հանդիպումներում:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը Վաշինգտոնից առաջ բարձրաձայնեց «հիմնական սկզբունքների նախաստորագրման» միտքը, անկասկած փորձելով խաղալ հենց ԱՄՆ վարչակազմի տրամադրության վրա, որին դուր կգա թեկուզ այդպիսի մի փաստաթղթի ստորագրության տարբերակը, որը կարող է օգտագործվել նաեւ նախագահի ընտրության ներքին մրցավազքում՝ որպես արտաքին հաջողության օրինակ:
Ամբողջ հարցն այն է, որ այդ հանգամանքը Հայաստանի համար լինելու է ծուղակ, քանի որ դրա միջոցով Ադրբեջանը մի կողմից ստեղծելու է իր այսպես ասած կառուցողականության իմիջ, մյուս կողմից իր համար ստեղծելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը էլ ավելի հեռացնելու, ավելին՝ հիմնարար սկզբունքների մասին նախաստորագրումը մանիպուլյացիաների համար ծառայեցնելու պարարտ հող:
Բաքուն ներկայումս լուծում է մի խնդիր՝ առավելագույնս «բարեհամբույր» նկարագիր կերտել Կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ, իսկ մինչ այդ սպասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը նախ ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացում, իսկ հետո նաեւ աշխարհում ընդհանրապես՝ մասնավորապես դրանից հետո ուժային կենտրոնների փոխհարաբերությունների տրամաբանության համատեքստում: Ամբողջ հարցն այն է նաեւ, որ գործնականում չկա որեւէ խոշոր դերակատար, որ առնվազն այս շրջափուլում Ադրբեջանից ունի շոշափելիորեն այլ ակնկալիք:
Բաց մի թողեք
Կաթողիկոսն իրավունք ունի քաղաքական ուժ ընտրելու, իսկ վարչապետը Կաթողիկոս՝ ոչ
Թրամփը ժամանակ է տալիս Իրանին բանակցությունների համար
Եվրոպական եռյակն ու Իրանը, ինչ սպասել