Ադրբեջանի նախագահ Ալիեւը օկուպացված Շուշիում անցկացված հերթական մեդիաֆորումի ընթացքում իր ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին, ասելով, թե իր ունեցած տեղեկությամբ այն պատրաստ է 80-90 տոկոսով:
Միեւնույն ժամանակ, Ալիեւը վերստին հիշեցրել է Երեւանին առաջադրվող ադրբեջանական պայմանները եւ պահանջները, այդ թվում նաեւ ասելով, թե Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան է սպասում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի առումով:
Ալիեւը դարձյալ կրկնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին, ասելով, որ Երեւանը պետք է միանա դրան: Նա անդրադարձել է նաեւ Լոնդոնում չկայացած հանդիպման պատմությանը, կրկնելով ադրբեջանական մոտեցումները:
Այդ ընթացքում, մինչ Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում եւ խոսել թե միջազգային, թե ռեգիոնալ, թե հայ-ադրբեջանական հարցերի մասին, Հայաստանի վարչապետը՝ որ գտնվում է արձակուրդում, տեսանյութ է հրապարակել Լոնդոնից: Փաշինյանը հայտնել է, որ Բրիտանիայի մայրաքաղաքում ավելի քան մեկուկես ժամ հեծանիվ է վարել:
Մեղմ ասած դժվար է միմյանց համադրել այն իրավիճակն ու մարտահրավերները, որ հերթական անգամ արտացոլվել են Ալիեւի հայտարարություններում, եւ այն հեծանվավազքը, որ անցկացնում է Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի մայրաքաղաքներում: Օրեր առաջ նա հեծանիվ էր քշել Բեռլինում, ու մեկնել էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը դիտելու: Այդ կոնտրաստի պայմաններում, Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կամ քաղաքական խիստ անհամարժեքության դրսեւորում է, կամ ցուցադրական գործողություն:
Իսկ, եթե անհամարժեքություն չէ, այլ ցուցադրական գործողություն՝ անհոգության տրամաբանությամբ, ապա հարց կառաջանա, թե առկա մարտահրավերների առնչությամբ ինչ լուծումներ ունի Հայաստանի վարչապետը, որոնց նախապատրաստումից գուցե փորձում է ինչ որ ուշադրություն շեղել հենց անհոգ հեծանվավազքով: Դա կլիներ իհարկե վիրտուոզ խաղ, եթե լուծումներն իհարկե չլինեն այնպիսին, ինչպիսին օրինակ Տավուշում, երբ Հայաստանը փաստացի գնաց Ադրբեջանի պահանջների միակողմանի բավարարման: Դա լուծում չէ, դա ընդամենը Ադրբեջանի ախորժակը մեծացնող գործողություն է:
Մինչդեռ, լուծումը Հայաստանի համար կարող է լինել այն, որ օրակարգից դուրս գան Հայաստանի հանդեպ թե միակողմանի պահանջները, թե անհիմն պահանջները, ինչպիսին օրինակ ադրբեջանցիների վերադարձի հարցը, որը գործնականում որեւէ իրավա-քաղաքական հիմք չունեցող հարց է, բայց փաստացի տեղ է գտել օրակարգում, ինչի վկայությունն էին թե 2023-ի մայիսին Վաշինգտոնում կայացած բանակցությունները, թե 2023-ի նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը: Եթե չգտնվեն իրավիճակի տրամաբանության փոփոխություն բերող լուծումներ, ապա կասկած չկա, որ ժամանակը ճնշող է դառնալու հայկական կողմի համար: Ընդ որում, ժամանակը, այլ ոչ թե Ադրբեջանը: Ադրբեջանը ընդամենը կարող է օգտվել ժամանակի այդ ճնշումից:
«Օկուպացված Շուշիի մեդիաֆորումի» ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկզբունքային երեք գաղափար է հնչեցրել, «որոնցից հիմնակազմիչն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ խնդիր գոյություն չունի:» Ընդ որում, նա հատուկ շեշտել է, «որ կողմերն այդ մակարդակին հասել էին շատ ավելի վաղ, քան 2022թ. փետրվարի 22-ին կստորագրեին ռազմավարական համագործակցության մասին Հռչակագիրը»:
Ալիեւն անոնսավորել է մինչեւ տարեվերջ ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի եւս մեկ շփում: Ավելի վաղ ենթադրել էինք, որ Ռուսաստանի նախագահը տեսանելի ապագայում կարող է այցելել Բաքու: Ռուս-ադրբեջանական վերընթաց հարաբերություններից է, կարծես, Ալիեւը բխեցրել երկորդ էական միտքը, որ նա հրապարակային ձեւակերպում է առաջին անգամ՝ Թուրքական պետությունների կազմակերպությունը նոր աշխարհակարգում պետք է ուժի ինքնուրույն բեւեռ լինի: Ընդսմին, նա գրեթե բաց ակնարկել է, որ որոշ կազմակերպություններ դժվարությունների մեջ են, որոշները փլուզվում են, իսկ ԹՊԿ-ն «պրոգրես է ապրում»:
Ըստ երեւույթի, Ալիեւը «քայքայվող» է անվանում ՀԱՊԿ-ը, որ աշխարհաքաղաքական իմաստով, իրոք, այլեւս դերակատար չէ, նույնիսկ այն դեպքում, եթե Բելառուսը լիովին հանձնվի Ռուսաստանին: Կենտրոնական Ասիայի պետությունները ստեղծում են ռազմավարական համագործակցության փոխադարձ եւ Ադրբեջանի հետ միջնորդավորված համագործակցության մեխանիզմներ, որոնք հնչում են Թուրքիայի հետ սերտ կոորդինացիայով: Այդ զարգացումների հանդեպ հանդուրժողական-ընկալունակ վերաբերմունքն, ամենայն հավանականությամբ, ոչ թե Ռուսաստանի թուլության, այլ համաձայնության ցուցիչ է:
Ալիեւի ելույթի տեքստային ստրուկտուրայի դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ նրա բացախոսությունը քաղաքական հաշվարկի անոնս է: Նա վստահաբար ասել է, որ Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո Արեւմուտքը «լավ կհասկանա Ադրբեջանին եւ կգնահատի նրա դերը ու պոտենցիալը»: Խոսքն, անկասկած, նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության մասին է: Այն դեպքում, երբ նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին է Թրամփի հետ հեռախոսազրույց ունեցել, Ալիեւի սպասումները ամենեւին էլ անհիմն չեն:
Այսպիսով ստացվում է, որ Ադրբեջանի նախագահն սպասում է Թրամփի հաղթանակին, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն կտա, բայց այդ բարդ բանակցություններում Մոսկվան ԹՊԿ աջակցությունը կստանա, եւ Արեւմուտքը ստիպված կլինի «լավ հասկանալ Ադրբեջանին, գնահատել նրա նշանակությունը եւ պոտենցիալը»: Ընդսմին, Ալիեւը պարզ ասել է, որ Արեւմուտքը Հարավային Կովկասում Ադրբեջանի շահերը պետք է հաշվի առնի:
Հասկացվում է «որ Ռուսաստանի դեպքում նման խնդիր գոյություն չունի»: Այսինքն, Արեւմուտքը պետք է ընդունի, «որ Ադրբեջանը», «որպես ԹՊԿ առանցքային անդամ պետություն, Ռուսաստանի հետ է», «եւ նոր աշխարհակարգում Հարավային Կովկասի ստատուս-քվոն Վաշինգտոնի եւ Բրյուսելի տիրույթի հարց չէ»: «Ալիեւը խոսել է քաղաքականության մեջ էմոցիաները զսպելու», «համբերատար», «բայց հետեւողական լինելու կարեւորության մասին»:
Պետք է հետեւել այդ օրինակին եւ կառուցել Հայաստանի հակահաշվարկը: Բայց դա հնարավոր կլինի մի դեպքում, երբ կտրվի սկզբունքային հարցի պատասխանը։ մենք եվրասիական թե՞ «եվրաատլանտյան ինտեգրացիայի սուբյեկտ» ենք։
Բաց մի թողեք
«Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն ինչ կտա ․․․
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ