Հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացած Երեւանի եւ Անկարայի հատուկ բանագնացների հանդիպման մասին հաղորդագրությունները բավականին համեստ են:
Հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նոր է թերեւս այն, որ խոսվում է Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական կարիքների գնահատման պայմանավորվածության մասին: Սա ըստ էության Կարս-Գյումրի երկաթուղու «մասին» է:
Սակայն, էական է հասկանալ՝ այդ մասին խոսվում է պարզապես հինգերորդ հանդիպմանը որեւէ նոր բան ասած լինելու՞ համար, թե՞ հայ-թուրքական կարգավորման օրակարգում իսկապես «ներմուծվել» է նոր թեմա: Կարս-Գյումրի երկաթուղին հազիվ թե Անկարային հետաքրքրի լոկ Հայաստանի հետ կապի համար:
Հետեւաբար, այդ երկաթուղու հանդեպ գործուն հետաքրքրություն կարող է լինել, եթե լինի երկաթուղային կապ Ադրբեջանի հետ: Գոյություն ունեցող ենթակառուցվածքի տեսանկյունից այդպիսին կապն է Նախիջեւանով: Բայց, Թուրքիան հայտարարել է, որ ծրագրում է մինչեւ 2028 թվականը Նախիջեւանի հետ ունենալ երկաթուղային կապ:
Արդյո՞ք Անկարան կարող է հրաժարվել այդ ծախսից, եթե իրատեսական դառնա Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջեւան եւ Մեղրիով դեպի Ադրբեջան տարբերակը: Բայց, դա պետք է ենթադրի նաեւ Մեղրիում 40 կմ երկաթուղի կառուցելու հնարավորություն: Քննարկվու՞մ է այդ տարբերակը: Որեւէ այլ տարբերակով Կարս-Գյումրի երկաթուղու Ախուրիկի սահմանային կետից Ադրբեջանի երկաթուղու հետ կապվելու համար պահանջվելու է երկաթուղային ավելի մեծ ու բարդ շինարարություն:
Դժվար է պատկերացնել, որ Անկարան Երեւանի հետ քննարկի այդպիսի հեռանկար: Նաեւ դժվար է պատկերացնել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առկայության պայմաններում Կարս-Գյումրի երկաթուղային անցակետի հարցը քննարկվի հետո Կարս-Ախալքալակին միանալու հեռանկարով:
Ի՞նչ տրամաբանության շրջանակում է քննարկվում Ախուրիկ/Աքյաքա երկաթուղային անցակետի հարցը, ի՞նչ կոմբինացիայով, եթե, կրկնեմ, դրա մասին հիշատակումն ավելի շուտ որեւէ նոր բան արձանագրելու համար չէ: Ի վերջո,, բհատուկ բանագնացների չորորոդ հանդիպումից երկու տարի անց տեղի ունեցած հինգերորդ հանդիպմանը որեւէ նոր բան չլինելու պարագայում առաջանում էր տրամաբանական հարց՝ հանդիպել են, որ ի՞նչ անեն:
Միաժամակ, իրատեսական չէ պատկերացնել, որ հանդիպել են ընդամենը հանդիպելու համար: Այլ հարց է, որ հանրություններին կարող է տրվել մտորելու այսպես ասած «կեղծ ուղղություն», իսկ իրական քաղաքականության ռեժիմում քննարկումները ծավալվեն այլ տրամաբանությամբ:
Թեհրանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, ըստ իրանական Մեհր գործակալության, որ Զանգեզուրյան միջանցքը վնաս է Հայաստանի շահերին եւ Իրանը դեմ է դրան: Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանը վերհաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որը բացառում է որեւէ անդրտարածքային միջանցք Հայաստանի տարածքում: Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններում բացակայում է այդ թեման:
Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը «միջանցքի» մասին խոսել է «պրոֆիլակտի՞կ» տրամաբանությամբ, թե՞ որեւէ կոնկրետ զարգացման համատեքստում, եթե նկատի առնենք այն, որ հուլիսի 30-ին Թեհրանում այդ հանդիպմանը զուգահեռ հայ-թուրքական սահմանին տեղի էր ունենում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը: Երկամյա դադարից հետո Ռուբեն Ռուբինյանն ու սերդար Քըլըչը հանդիպել են հինգերորդ անգամ, իսկ այդ հանդիպումից մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ «ամբողջ սրտով» սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության, որի վերջին քայլն ըստ Էրդողանի պետք է լինի այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի բացումը:
Ինչպես հայտնի է, արեւմտյան դերակատարներն էլ, մասնավորապես ԱՄՆ ու Բրիտանիան, բնորոշում են Միջին միջանցք, ըստ էության չթաքցնելով, որ դրա ձեւավորման իրենց նպատակը նաեւ Իրանի ազդեցության նվազեցումն է: Իրանի համար անշուշտ նախընտրելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց, ինչպես նաեւ Կենտրոնական ասիայի հետ կապվեն ոչ թե Հայաստանի, այլ իր տարածքով, ինչը Թեհրանին թույլ կտա դրանով ունենալ Բաքվի ու Անկարայի հանդեպ որոշակի լծակ: Հատկապես Բաքվի, եթե նկատի առնենք այն, որ Ադրբեջաննի եւ Նախիջեւանի ցամաքային կապի այլ տարբերակ ըստ էության չկա, քան Իրանի ճանապարհը, եթե չի գործում ճանապարհ Հայաստանի տարածքով: Վրաստան-Թուրքիա եւ հետո Նախիջեւան երթուղին անշուշտ խիստ երկար է:
Այսինքն, այստեղ խնդիրը բաժանվում է մի քանի մասի, սակայն մեծ հաշվով, Իրանի համար առավել նախընտրելի ռեժիմն այն է, որ Հայաստանի տարածքով այդ ճանապարհը պարզապես չգործի: Հայաստանի համար ճանապարհը իհարկե կլինի որոշակի տարանցիկ եկամուտ, եթե գործի Հայաստանի լիարժեք սուվերենության ներքո: Բայց, թե Բաքվի, թե առավել եւս Անկարայի համար էլ այդ ճանապարհը հետաքրքիր ու պահանջված է արտատարածքային տրամաբանությամբ:
Մեծ հաշվով, այդ խնդիրն է բոլոր ուժային կենտրոնների «հոգսը»՝ ո՞վ է վերահսկելու «հայկական խաչմերուկը», կամ նվազագույնը դրա արեւելք-արեւմուտք ուղղությունը: Հայաստանը պարբերաբար հայտարարում է իր վերահսկողության մասին, ընդգծելով արտատարածքային որեւէ տրամաբանության մերժումը: Բայց, կասկածից վեր է, որ դա էլ «մերժվում» է շահագրգիռ ուժային կենտրոնների «մտապատկերում», ինչի հետեւանքն էլ «խաչմերուկում» գոյություն ունեցող աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների բարդ խցանումն է, երբ ոչ ոք չի ուզում զիջել, միաժամանակ գոյություն չունի որեւէ կարգավորող:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային