Թեհրանում նախագահական երդմնակալության արարողության առիթով Նիկոլ Փաշինյանի եւ Մասուդ Փեզեշկիանի առաջին հանդիպմանը քննարկված հարցերի թվում ուշադրության է արժանի այն, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն է լինելու ռեգիոնալ զարգացման Հյուսիս-հարավ երթուղային օրակարգը:
Սա իհարկե անակնկալ չէ, հաշվի առնելով այն, որ արեւելք-արեւմուտք օրակարգը Իրանի համար աշխարհաքաղաքական մրցակցային օրակարգ է, իսկ տնտեսական առումով՝ ըստ էության անհետաքրքիր:
Սակայն, մի կողմ թողնելով խնդրի աշխարհաքաղաքական բաղադրիչներն ու շերտերը, որոնք անշուշտ բավականին շատ են, բարդ են եւ միաժամանակ նուրբ, եւ որոնց շուրջ անդրադարձեր եւ քննարկումներ լինում են պարբերաբար, դիտարկենք իրավիճակի մեկ այլ կողմ:
Այդ բարդություններով եւ նրբություններով հանդերձ, ակնառու է դառնում, որ Հայաստանի համար առավել իրատեսական ուղղություն եւս դիտարկելի է Հյուսիս-հարավը: Եթե պայմանակոներն գծենք դրա շահառուների շրջանակը, ապա նվազագույնը կարող ենք ստանալ հետեւյալ պատկերը՝ Ֆրանսիա, Վրաստան, Իրան, Հնդկաստան: Նվազագույնը:
Այդ ուղղությունը կարող է ինչ-ինչ սցենարների պարագայում հետաքրքրության արժանանալ Ծոցի այլ երկրների շրջանում, նաեւ Ռուսաստանում՝ կախված Վրաստանի հետ հարաբերության դինամիկայից, կարող է հետաքրքրություն առաջացնել եվրոպական այլ երկրների շրջանում, մասնավորապես Սեւ ծովի ավազանի:
Այս հրապարակման համատեքստում սակայն չծավալվեմ աշխարհաքաղաքական բաղադրիչների վրա: Շահառուների նվազագույն շրջանակը կարծես թե բավականին կենսունակ է հարցը գործնական հարթություն տեղափոխելու համար:
Հետեւաբար, Հայաստանի համար առաջանում է գերխնդիր՝ զարկ տալ Հյուսիս-Հարավի շինարարությանը, մասնավորապես դրա հարավային եւ ամենից բարդ մասում՝ Վայոց Ձոր եւ Սյունիք: Քաջարան-Ագարակ հատվածում Իրանի հետ համատեղ շինարարությունն արդեն մեկնարկել է, սակայն անկասկած է, որ Հայաստանին պետք է ավելացնել տեմպը:
Վեցը տարին, որ իբրեւ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ժամկետ նախանշվել է ծրագրում, խնդրահարույց է, հատկապես հաշվի առնելով այն, որ սովորաբար այդ խոշոր ծրագրերը Հայաստանում հետ են ընկնում ժամանակացույցից շոշափելիորեն:
Մինչդեռ Հայաստանը չունի ժամանակ: Չունի ժամանակ ոչ միայն բեռնափոխադրումների լոգիստիկայի հարցում բավականին բուռն աշխարհաքաղաքական մրցակցության առումով, այլ նաեւ ըստ էության գործընկերային համոզիչ վարկի:
Հայաստանը պետք է ցույց տա շահագրգիռ երկրներին, որ ունի խոշոր ծրագիր արագ ու արդյունավետ, որակով իրականացնելու եւ կառավարելու հնարավորություն: Դա Հայաստանի պետական կենսունակության այցեքարտ է, առանց որի Հայաստանը հազիվ թե կարողանա հավակնել ռեգիոնալ հեռանկարների սուբյեկտային էական դերակատարման:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային