16/09/2024

«Զանգեզուրյան միջանցք» ստանալու հարցում Թուրքիան գործընկեր է դիտարկում Արեւմուտքին, բացառությամբ Ֆրանսիայի

«Ես մեկնաբանություններ չունեմ։ Ես երկու շահագրգիռ երկրներին հնարավորություն կտայի խոսել այս հարցի շուրջ», հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպման վերաբերյալ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի օգնական Վեդանտ Պատելը:

Ինչու՞ է պետքարտուղարությունը ձեռնպահ մնում մեկնաբանությունից: Հանդիպումը չի՞ գրանցել որեւէ արդյունք, թե՞ հակառակը՝ Նահանգները գերադասում է ավելորդ բառերով չխանգարել գործընթացին:

Բոլոր դեպքերում, բառերի եւ ընդհանրապես մտքի առումով ժլատություն չի ցուցաբերել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի խաղաղություն:

Սա հնարավոր է գուցե մանրամասնել մի քանի տողատակային վարկածով, սակայն փաստ է այն, որ Թուրքիան ունի նախապայման, ի տարբերություն հատուկ բանագնացների սահմանային հանդիպումից հետո տարածված հաղորդագրության, թե կողմերը պայմանավորվել են գործընթացն առանց նախապայմանի շարունակելու հարցում:

Ադրբեջանը Հայաստանի առաջ դնում է իր նախապայմանը, որի մասին հերթական անգամ բարձրաձայնել է օրերս Վաշինգտոնում քննարկման մասնակցած Էլչին Ամիրբեկովը, որը Իլհամ Ալիեւի օգնականն է: Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է եւ Հայաստանը պետք է պարզապես փոխի իր Սահմանադրությունը, այդպիսով իբրեւ թե վերացնելով Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ էքզիստենցիալ պահանջը:

Պարզ է, որ Ադրբեջանն այդպես մեկնաբանում է Սահմանադրության մեջ հղումը Անկախության հռչակագրին: Ադրբեջանի այդ մեկնաբանությունը չունի որեւէ իրավա-քաղաքական հիմք, դա պարզապես կամայական մեկնաբանություն է, սակայն Բաքուն դնում է այդ պայմանը:

Ադրրբեջանի այդ դիրքորոշումն ունի առնվազն երկու նպատակային շերտ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ: Դա առանձին խոսակցության առարկա է: Միաշերտ չէ նաեւ Թուրքիայի պայմանը: Ինչպես ասել եմ բազմիցս, Անկարայի համար հայ-թուրքական կարգավորման հարցը նպատակ չէ, այլ խաղաքարտ՝ այլ խոշոր դերակատարների հետ իր հարաբերություններում, որոնք առնչվում են Կովկասին ու Մերձավոր Արեւելքին:

Նպատակը՝ «զանգեզուրյան միջանցք» ստանալն է: Այդ հարցում Թուրքիան իր համար գործընկեր է դիտարկում Արեւմուտքին, բացառությամբ Ֆրանսիայի:

Հատկանշական է, որ հայ-թուրքական հատուկ բանագնացների հանդիպման նախօրեին տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը Իրանի նախագահի հետ:

Դա անշուշտ միայն հայ-թուրքական հանդիպմամբ պայմանավորելը կլինի մոլորություն՝ քննարկելից հարցերը շատ են, առավել եւս ինչպես ցույց տվեց Թեհրանում մեկ օր անց տեղի ունեցած սպանությունը:

Սակայն, խոշոր հաշվով կովկաս-մերձավորարեւելյան խաղի քրոնիկոնում առանցքային խաղադրույքներն արված են նաեւ Կովկասի ճանապարհների վրա, որտեղ խաղացողներն իհարկե դեռ ունեն ռեսուրսներ, բայց դրանք ավելի են մոտենում կետի, որից այն կողմ առնվազն ինչ որ մեկը կարող է հարկադրված լինել գնալ վա-բանկ, եւ որեւէ մեկը հարկ չհամարի հետ պահել: