20/09/2024

Վճարեք 300 հազար դրամ, և կվերանա շահերի բախումը․ Հետք

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազարական դրամով տուգանել է Հրազդան և Արտաշատ համայնքների ղեկավարներին՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն Հանձնաժողովին չներկայացնելու համար։ Այս մասին գրում է Հետքը

Մերձավորի կամ քաղաքական կապեր ունեցող անձի հետ պայմանագրի կնքմամբ՝ համայնքի ղեկավարները չեն ներկայացրել գրավոր հայտարարություն Հանձնաժողովին, և, ըստ էության, ձեռնպահ չեն մնացել գործողություն կատարելուց: Երկու վարույթի հիմքում էլ «Հետքի» հոդվածներն են։

Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի համար համայնքային բյուջեից վճարվել է մոտ 156 մլն դրամ:

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն հիմնել է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Ս․Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից, և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։

Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում:

Կուսակցական և ընկերական կապերն օգտագործվել էին նաև Արարատի մարզպետարանում: 2023թ․-ին ընթացքում Արարատի մարզպետարանի աշխատակազմը մոտ 109 մլն դրամի պայմանագիր է կնքել Արտաշատի ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանին պատկանող «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ՝ Արտաշատ համայնքում շինաշխատանքներ իրականացնելու նպատակով: Պայմանագրերը կնքելուց հետո մարզպետարանը, որպես պատվիրատու, իր իրավունքներն ու պարտականությունները համաձայնագրով փոխանցել է Արտաշատի համայնքապետարանին: Նմանատիպ կետ նախատեսված է եղել նաև պայմանագրով:

Արարատի մարզպետարանի անունից պայմանագրերը կնքել է աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը: Նա ևս Արտաշատ համայնքի ավագանու անդամ է: Իսկ Արթուր Մկրտչյանի հայրը՝ Սուրեն Մկրտչյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալն է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.31 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով (300.000 դրամ):

Փաստացի ստացվում է, որ ամեն անգամ պաշտոնյաները կարող են շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտել, ենթարկվել 300 հազ. դրամի չափով տուգանքի ու դրանով ազատվել պատասխանատվությունից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հենց այս հոդվածով նախատեսված տուգանքն է կիրառել Հրազդան և Արտաշատ համայնքների ղեկավարների նկատմամբ:

Բիզնես կամ քաղաքական կապեր ունեցող պաշտոնյայի համար ամենևին անհարմարություն չէ 300 հազ. դրամ տուգանքի վճարումը, ինչից կարող ենք ենթադրել, որ օրենսդրական կարգավորումները որևէ զսպող դեր չունեն: Ամեն անգամ կարող են խախտել շահերի բախման կարգավորումները, մերձավորների համար միլիոնների եկամուտ ապահովել պետական կամ համայնքային բյուջեների հաշվին ու դրա համար տուգանվել ընդամենը 300 հազ. դրամի չափով և ջրից չոր դուրս գալ:

Հոդվածում նշել էինք, որ, օրինակ, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը նույն վարքագիծը դրսևորում է արդեն մի քանի տարի: Համայնքային բյուջեից եղբոր ընկերությանը վճարվել է մոտ 156 մլն դրամ, որից 300 հազ. դրամ տուգանք վճարելը թերևս որևէ դժվարություն չի կարող առաջացնել Միքայելյանների համար:

Գրիշա Բալասանյան; Hetq.am