Հետաքրքիր է, եթե լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին չհարցներ. «Ալիեւին ասե՞լ եք, որ օրինակ Ռուբեն Վարդանյանին կամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ինչո՞ւ գերեվարումից չի ազատում»,– նա Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցադրումներ կանե՞ր:
Կարեւոր է հասկանալ, թե լրագրողն ինքն է ձեւակերպել հարցը, թե՞ ներկայացրել է լրատվամիջոցի, այսպես ասած, «խմբագրական քաղաքականությունը»: Ավելի պարզ ասած՝ լրագրո՞ղն է Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջեւ տարբերակում մտցրել, թե՞ նրան այդպես է հանձնարարվել:
Ի՞նչ կպատասխաներ Փաշինյանը, եթե նրան ուղղվեր այսպիսի հարց. «Կառավարությունը, անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանում պահող ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը հայրենադարձվեն, այդ հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա՞»:
Դժվար է կանխատեսել, թե վարչապետն ինչ կպատասխաներ, բայց հաստատ Ռուբեն Վարդանյանին չէր առանձնացնի, հարցադրումներ չէր անի, եւ դրան չէր հետեւի Վարդանյանի «գրասենյակի» անունից տարածված հայտարարությունը: Փաշինյանին վերոհիշյալ ձեւակերպմամբ հարց ուղղած լրատվամիջոցն էլ առիթ չէր ունենա ասելու, որ Նիկոլ Փաշինյանը հարցադրումներ է հնչեցնում, ադրբեջանցիներն էլ կրկնակի հարցաքննում են Ռուբեն Վարդանյանին:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հռետորական հարցեր է հնչեցնում, որպեսզի Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին ցավ պատճառի՞, որովհետև ադրբեջանցի իրավապահները նրան առաջարկել են պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցերին:
Մի պահ ենթադրենք Նիկոլ Փաշինյանն իր իսկ առաջադրած հարցերի պատասխանը չգիտի եւ իրոք ցանկություն ունի, որ ադրբեջանցի իրավապահները Ռուբեն Վարդանյանի դեմ կրկնակի վարույթ բացեն, նրանից ստանան անհրաժեշտ պատասխաններ եւ փոխանցեն իրեն, հայկական լրատվամիջոցն ինչու՞ է նման հնարավորություն ընձեռում:
Եւ ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանն առանձնացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից: Հարցի բուն հեղինակը տեսնում է հնարավորություն, որ Ռուբեն Վարդանյանն ազատ կարձակվի, իսկ մյուսները կմնան ալիեւյան բանտու՞մ, փորձել է պարզել, թե այդ հավանականությանը Փաշինյանն ինչպես է վերաբերվու՞մ:
Ամեն ինչ կնմանվեր զավեշտախաղի, եթե պատկերն այսքան ողբերգական չլիներ. Հանրության մի հատված հավատում է, որ ազատության մեջ գտնվելով՝ Ռուբեն Վարդանյանը կարող է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել եւ երազում, թե երբ կգա բաղձալի պահը, մյուսը Վարդանյանին համարում է «Կրեմլի գործակալ» եւ դեմ է, որ նա ընդդիմության առաջնորդ լինի:
Այդ կերպ Հայաստանի ընտրությունը վերստին պայմանավորվում է կրեմլահաճության կամ Կրեմլի կողմից «ընդունված լինելու» չափի շուրջ բանավեճով, որ խորքային մետաստազներ ունի: Արցախի ողբերգության պատճառներից մեկը, քաղաքական առումով թերեւս ամենամեծ ազդեցություն գործածն այն էր, որ Ստեփանակերտում եթե մրցակցության կար, ապա միայն մի հարցում՝ Ռուսաստանի համար ո՞վ է ավելի ընդունելի «գեներալ-գուբեռնատորը»:
Այդ խուլ պայքարն է դեգրադացրել պետական եւ քաղաքական համակարգը, կաթվածահարել կառավարումը, այդ թվում՝ ինքնապաշտպանությունը: Նույն դիսկուրսի մատնել Հայաստանը, կնշանակի երկիրը վերածել «փորձաճագարի»: Ռուբեն Վարդանյանի, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության մարդկային ճակատագիրը կարող է լուծել ուժեղ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը: Եթե ընտրվի անհատական «փրկագնման» տարբերակը, ապա ոչ մեկի դրամապանակից մի լումա չի պակասելու, քաղաքական շատ թանկ գին վճարելու է Հայաստանը:
Բաց մի թողեք
Forbes. Թուրքիան ու Իսրայելն արդիականացնում են Ադրբեջանի զինանոցի ռուսական տեխնիկան
Իրանը, թե՝ Իսրայելն է հետաձգում երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը