10/10/2024

Հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, շատ միավորումների գույքը պետականացնելու փորձը

Այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ իշխանությունը, ի դեմս ՀՀ Գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ՝ հասարակական կազմակերպություններ։

Այս առիթով գրողների եւ նկարիչների միություններն արտահերթ համագումարներ հրավիրեցին ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին դատախազության` գրողների ու նկարիչների գույքը պետականացնելու պահանջին։  Ինչպես ՀԳՄ-ի, այնպես էլ Նկարիչների միության պարագայում դատարանը միության գույքը պետականացնելու հարցն առանձին-առանձին է քննելու։

Ինչպեսեւ կանխատեսվում էր, գրողների ու նկարիչների միությունները լինելու էին «առաջին ծիծեռնակները», եւ նույն «ուղտը» նաեւ մյուս միությունների «դռանն էր չոքելու»:

Ինչպես տեղեկացանք, իշխանությունը համապատասխան օրենսդրական կարգավորումներ է մշակում՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու համար, ի դեպ, այդպիսիք Հայաստանի հանրապետությունում քիչ չեն` շուրջ 2 հազար 700 միավոր շենք-շինություն:

Այս առիթով այսօր` սեպտեմբերի 24-ին, Հայաստանի նկարիչների միությունում նախատեսված է Հայաստանի ստեղծագործական միությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու եւ գույքերը պետականացնելու խնդրի վերաբերյալ մամլո ասուլիս, որին կմասնակցեն բոլոր ստեղծագործական միություններն ու մի շարք միավորում ՀԿ-ներ եւս: