15/10/2024

Քեթրինի Միհրանն ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը կորել է, ո՞ւր է կոկաինը. Սաֆարյան

«Քեթրինի Միհրանը ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը (հավանաբար հայրենիքի փրկության համար նախատեսված) կորել է։ Ասում է՝ աշխատակիցներս են հաշվել, տեսել են՝ պակաս է»:

Նկատի ունենալով Միհրան Պողոսյանի վերջին հարցազրույցն ու հայտարարությունը՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Ով լիներ, որ դարդ չաներ…

Լրիվ հանցագործության մասին հաղորդում էր։ Ասում է՝ թող իրավապահները զբաղվեն…

Ո՞ւր է կոկաինը»,- հավելել է նա:

Նշենք՝ հիշյալ հարցազրույցում Պողոսյանը հայտարարել է, որ աղմկահարույց կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կա, այդ դեպքում՝ ի՞նչ է եղել 270 կգ-ը. Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին չի նշվում և այն անհետացել է:

Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։