Ողջամիտ գյումրեցին իր քաղաքային իշխանությունների արժեզրկման սցենարը հալած յուղի տեղ չընդունեց, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գյումրեցու աչքում բարձրացավ: Սույն սցենարի հեղինակները Գյումրին լավ չգիտեն:
Մենք իշխանահաճո ենք, քաղաքականացված չենք, կաշառատու ենք, վատն ենք, լավն ենք, հյուրասեր ենք, կեղծավոր ենք՝ մենք ենք, եւ մեր այս տեսակը՝ թող որ անազնիվ ու ոչ ժողովրդավար ճանապարհով, ընտրել է իրեն արժանի քաղաքային իշխանություն՝ Բալասանյան դաշինքին: Էն ժամանակ գայիք` չթողնեիք, գայիք` ասեիք․ իրենք ձեզ թալանել են, այն ժամանակ էլ գիտեիք 24 միավոր ապօրինի զավթած գույքի մասին: Ավելին՝ 18-ի կապտա-կարմրավուն հեղափոխությունից դեռ շատ առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ շատ լավ գիտեր այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ախորժակի մասին, առավել լավ սկսեց տիրապետել իրողություններին իշխանավոր դառնալուց հետո: Այսօր, երբ ինքն ու իր թիմը սրընթաց գահավիժում են, աջ ու ձախ փրկօղակներ են նետում: Ձախն էլ մենք ենք:
Ցուցադրական այս գործողությունները մի քանի օրից մարելու են, գնան` հաշտություն, վաղեմություն, նվիրատվություն… վեց տարի է՝ ականատես ենք նման բեմադրությունների:
Ցնցումների մեջ էլի հայտնվելու է խեղճուկրակ ժողովուրդը, չստանալով ոչինչ, փոխարենը փորձ է անելու՝ հարմարվել նոր եկող սոված ոհմակին:
2003 թվականի սեպտեմբերից 2018 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կայացված ավագանու որոշումները, որոնք վերաբերում են պետական (համայնքային) հարցերին, շուրջ 7 տարի գտնվում էին Նիկոլ Փաշինյանի սեղանին: Նո՞ր հասկացան, որ Բալասանյանը համայնքային սեփականություն է յուրացրել:
Հռետորական հարցեր.
Ինչո՞ւ հիմա, եւ ի՞նչ է ասում ժողովուրդը:
ա) Խո պարբաշու թաշկինակ չէ՞ էս քաղաքը, օր սաղ գուզեն փախցնեն:
բ) Ընտրություններով չկրցավ քաղաքն առնի, ըսպես կառնի:
գ) Վախտըմ կանցնի, իրար մեջ կուդան-կառնին, ու վերջ:
դ) Ըբը տղուն դեսպան կուտա՜ր, ի՞նչ սեւ կատու անցավ մեջները։
ե) Ամիսըմ առաջ Բալասանյանն ըստեղ էր, ընչի՞ թողին էրթար, օր հըմի էլ ռոզիսկ կուդան:
ՀԳ. Նիկոլ Փաշինյանի հաշվարկային խումբը Գյումրու հարցում էլի սխալվեց. այս ամբողջ պատմությունը ՔՊ-ին առավելագույնը կբերի 0,5% ձայն, այն պարզ տրամաբանությամբ, որ Գյումրիում հիմնական ընտրազանգվածը բաժանված է երեք հայտնի ուժերի միջեւ, որի գերակշիռ մասը «Բալասանյան դաշինք»-ինն է: Պատկերացրեք, եթե այս երեք պահպանողական-ավանդապաշտ ուժերը միավորվում են 0,5%-անոց ՔՊ-ի դեմ: Արդյունքում քաղաքը վերցնել ՔՊ-ին էլի չի հաջողվի:
Սամվել Բալասանյանն իրեն հատուկ ճկունությամբ միշտ դիմագրավել է եկվորներին: Կհանձնի՞ քաղաքը, թե՞ չէ կամ ինչի՞ դիմաց կհանձնի:
Հասմիկ Մելքոնյան; Գյումրի
Բաց մի թողեք
Քննիչների հսկայածավալ խումբ է կազմվել. կմտնեն ոչ միայն Վեհարան, այլև սրբազանների տներ
ՔՊ-ականները բռունցքներով հարձակվել են ընդդիմադիրների վրա. Տեսանյութեր
ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը Ռուբինյանի սկանդալային համբավով խորհրդականն է, որը ավագանու անդամ է․ Տեսանյութ․ Լուսանկար