21/07/2026

EU – Armenia

Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի

Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով բանակցությունների արդյունքներով կողմերը մինչև 2027 թվականը ԱԳՆ մակարդակով խորդատվությունների ժամանակացույց են հաստատել։

Համատեղ մամուլի ասուլիսին ՌԴ արտգործնախարարը խոսել է Հարավային Կովկասի 3+3 ձևաչափի վերագործարկման նպատակահարմարությունից։ Նույն թեմայով Ադրբեջանի նախագահը դրական կարծիք է հայտնել օկուպացված Շուշիի «գլոբալ մեդիաֆորումի» հարթակից։

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության «Ազադլըգ» պաշտոնաթերթի խմբագրականը տեսակետ է հայտնել, որ «Իլհամ Ալիևը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինի հզոր ազդեցության տակ»։ Հեղինակի գնահատմամբ՝ Ռուսաստանը և Իրանը Հարավային Կովկասի «կայունությանը դեմ» են, ուստի նրանց «ազդեցության վերահաստատումը տարածաշրջանը տանում է Արևմուտքի հետ դիմակայության»։

Ի՞նչ քննարկումներ են ունեցել Լավրովը և Բայրամովը, այդ մասին կողմերի փորձագետները որևէ տեսակետ դեռեւս չեն արտահայտել։ Բաքվի «անհանգստությունների» մասին կարելի է դատել minval politika-ի ծավալուն հրապարակումից, որի հեղինակը թիրախավորել է Ֆրանսիային։

Եթե հակիրճ ներկայացնենք, ապա Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցը Ֆրանսիային վերագրում է Սյունիքի ենթակառուցվածքները զարգացնելու, բնակչության տեղաշարժը կանխելու միջոցով «Հայաստանի բանակցային դիրքերը ամրապնդելու» նպատակադրվածություն։

Այս գնահատականը միանշանակորեն վկայում է, որ Բաքուն դեռևս լիովին չի կորցրել Նախիջեւանի հետ «անխոչընդոտ» հաղորդակցության հույսը։ Ադրբեջանը, ըստ երևույթին, զգուշանում է TRIPP նախագծի իրավական կարգավորումների հարցում Միացյալ Նահանգներին ուղղակի հակադրվելուց։

Փոխարենը Բաքվի կիսապաշտոնական լրատվամիջոցը ենթադրում է, որ Սյունիքում Ֆրանսիայի նախաձեռնությունները «կարող են հանգեցնել Ադրբեջանի հետ սահմանին ֆրանսիական ռազմական ներկայության»։

Որ Սյունիքի հարավում հաղորդակցության իրավական կարգավորումները քաղաքական մակարդակում լուծում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը, կասկածից դուրս է։

Այլևս, երևի, վիճելի չէ, որ եթե դա տեղի ունենար նոյեմբերի 9 -ի փաստաթղթի 9-րդ կետով, Հայաստանը առնվազն Մեղրի նկատմամբ իրավազորությունը կորցնելու էր։

Ալիևը, հավանաբար, անցյալ տարվա վաշինգտոնյան համաձայնությունների բացահայտ չեղարկման չի գնա, բայց «Ադրբեջան-Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցության» թեման կարող է Մոսկվայի հետ «առեւտրի առարկա դարձնել»։

Թրամփի պաշտոնավարմանը մնում է երկուսուկես տարի։ Այդ ընթացքում TRIPP-ը կմարմնավորվի՞։