02/11/2024

Կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դիմելու կարգը

Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։

Ինչպես հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից, կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ (at.emis.am), թե՞ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով։

Հաջորդ քայլով անհրաժեշտ է հավաքել մուտքային տվյալները, որոնք դիմողին տրամադրվել են հայտագրման ժամանակ. անհրաժեշտ է լրացնել այն մուտքանունն ու գաղտնաբառը, որով դիմողը մուտք է գործում at.emis.am (ուսուցիչ չաշխատող անձինք) կամ matyan.emis.am (գործող ուսուցիչները)։

Եթե կամավոր ատեստավորման դիմելուց հետո ուսուցիչն ազատվել է դպրոցից, միևնույն է՝ մուտք գործելու համար պետք է մուտքագրել էլեկտրոնային մատյանի նախկին օգտանունն ու գաղտնաբառը։

Մուտք գործելուց հետո դիմողը հարթակում կարող է ծանոթանալ իր ընտրած առարկայի թեստի նմուշին, ինչպես նաև փորձել լրացնել այն։