ԱՄՆ հայ դատի հանձնախումբը տարածել է հայտարարություն, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությանը հանձնախմբի աջակցությունը վայելած թեկնածուների 90 տոկոսը ստացել է կոնգրեսականի մանդատ:
Հանձնախմբի ղեկավարի տարածած հայտարարության համաձայն, իրենք պատասխանատվության նշաձողեր են սահմանել թեկնածուների առաջ՝ ելնելով Արցախի հարցի և հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումներից: Անշուշտ, դրական է, եթե հայկական կազմակերպությունների աջակցությունը վայելող թեկնածուների ճնշող մեծամասնությունը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսում:
Սակայն ԱՄՆ նախագահի ընտրությունը վկայեց, որ Միացյալ Նահանգներում տեղի են ունենում հասարակական, սոցիալ-հոգեբանական խորքային փոփոխություններ, փոփոխություններ քաղաքական համակարգում:
Ընդ որում՝ այդ գործընթացը բոլորովին այս ընտրությամբ չէ, որ մեկնարկել է: Այն ծավալվում է արդեն տարիներ և անկասկած ունենալու է շարունակություն: Այստեղ խնդիրը բոլորովին Դոնալդ Թրամփը և նրա ընտրությունը չէ: Դրա առկայությունը պայմանավորված է մի շարք թե՛ ներքին, թե՛ արտաքին հիմնարար հանգամանքներով, ժամանակի հրամայականով և թելադրանքով:
Միով բանիվ, հայկական համայնքի, ամերիկահայ կազմակերպությունների համար առկա է խորքային ռազմավարական հրամայական՝ լինել այդ փոփոխություններին համարժեք և վերափոխվել դրանց համահունչ: Դա թերևս նշանակելու է աշխատանքային նոր մեթոդաբանություն, կառուցվածք և ուղենիշներ:
Այդ համատեքստում շատ կարևոր է նաև, որ դրանք համահունչ լինեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության հարցում Նահանգների մոտիվներին և պատկերացումներին, որքան էլ զուտ ազգային առաջնահերթությունների և պատկերացումների համատեքստում կարող են չբավարարել մեր էմոցիոնալ «քիմքին»:
Ըստ էության՝ մեզ անհրաժեշտ է լինելու այդ առումով դուրս գալ «հայամետության» ավանդական պատկերացումների և փնտրտուքների սխեմայից, որի աշխատանքային արդյունավետությունը այդուհանդերձ, նվազելու է, եթե անգամ պահպանվի «վիճակագրական» բարվոքությունը:
Այստեղ, իհարկե, հարկ է արձանագրել, որ ամերիկահայ կառույցների՝ ընդ որում՝ թե՛ ավանդական, թե՛ նորաստեղծ կառույցների և կազմակերպությունների խմբերի հետ աշխատանքի անհրաժեշտություն ունի նաև հայկական պետությունը՝ աշխատանքի վերքաղաքական և վերկուսակցական տրամաբանությամբ:
Ընդ որում՝ աշխատանք, որը կբացառի նաև ներհայկական բաժանարար գծերը այդ կազմակերպությունների, ամերիկայայ լոբբիստական ներուժի այսպես ասած սերնդային շերտերի միջև:
Հարցն այդ իմաստով ունի ոչ թե համայնքային, այլ պետական արժեք ու ռազմավարական նշանակություն, որի գործակիցը կամ աստիճանը ուղիղ համեմատական է միջազգային հարաբերություններում ԱՄՆ դերին ու ազդեցությանը:
Բաց մի թողեք
Ասադը կործանվեց, ինչ է սպասվում մեր տարածաշրջանին, հիմա բոլորը ողջունում են հակակառավարական ուժերին
Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին
Անհոգնել կրկնելով, թե Հայաստանը էսկալացիայի խնդիր չունի Ադրբեջանի հանդեպ՝ պատերազմ չի լինի՞