06/12/2024

Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով, Ալիկ Սարգսյանին Վովա Գասպարյանով փոխարինելով՝ Սերժ Սարգսյանը շոո՞ւ էր անում, թե՞ ․․․

Պետական մի շարք պաշտոնյաների՝ վարչապետի հորդորով ներկայացրած հրաժարականները ընդդիմադիր հայտնի շրջանակները որակում են «նախընտրական շոու»՝ իբրև թե Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների և պետք է կոնկրետ ոլորտներում ձախողումների համար «ժերտվաներ»՝ «քավության նոխազներ» նշանակել՝ ռուսական հայտնի ասացվածքի տրամաբանությամբ՝ «царь хороший, бояре плохие»։

Նախկին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն, օրինակ, «դիագնոզել» է՝ Փաշինյանը մտադիր է հանրության մոտ «ստեղծել պատրանք, որ ինքը շատ է ուզում բարեփոխումներ իրականացնել, բայց թիմն իրեն խանգարում է։

Փաշինյանն անձամբ ինքն է կրում քաղաքական պատասխանատվություն՝ բոլոր ոլորտներում ձախողումների համար, և նրա այս շոու-ծրագրերն իր պատասխանատվությունը ոչ մի կերպ չեն մեղմացնում»։ Սույն գործիչը նաև մի հին անեկդոտ է պատմել։ Թե «Մեկին հարցնում են, թե դու գուլպաներդ փոխո՞ւմ ես՝ հիգիենայի տեսանկյունից, պատասխանում է՝ այո, ամեն օր աջ գուլպան հանում եմ, ձախ ոտքին եմ հագցնում, ձախ գուլպան՝ աջին։ Սա է իմ վերաբերմունքը Փաշինյանի կադրային փոփոխություններին»։

Այսպիսի ծանծաղ ու միաժամանակ ծիծաղաշարժ «վերլուծություններն» ու համեմատությունները, նկատենք, գուցե ընկալելի լինեին այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների դեպքում, որոնք երբեք իշխանություն չեն եղել, չեն բախվել կադրային քաղաքականության բարդություններին՝ վատ աշխատող, սաբոտաժի դիմող, կոռումպացված ու «պետության փողերը տուն տանող» պաշտոնյաներից ձերբազատվելու, նրանց նոր ու բարեխիղճ կադրերով փոխարինելու խնդրին։

Նախկին ռեժիմի օրոք, փաստորեն, Սերժ Սարգսյանը կարդրային քաղաքականություն վարելիս կիրառել է իր սանիկի նկարագրած «հագած նասկիների» կանոնը։ Երբ, օրինակ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 2011-ին փոխարինեց Վովա Գասպարյանով, առաջինին էլ տարավ նախագահական՝ որպես իր խորհրդական, նրա այդ քայլը միտված էր ոչ թե Ոստիկանության բարեփոխմանը, «կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ» ունենալուն՝ նոր պետի գլխավորությամբ, այլ զուտ նախընտրական տրյուկ էր։ Սերժ Սարգսյանին երևի պետք էր մի ոստիկանապետ, որը հետընտրական անխուսափելի հուզումներին «կրեատիվ» արձագանք կցուցաբերեր, իսկ Ալիկ Սագսյանը այդ գործի համար հավանաբար անպիտան էր՝ «ստեղծագործական կրիզիսի» մեջ գտնվելու պատճառով։

Մամիջանյանի ասածի հանգույն, երբ Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան պատերազմից ամիսներ անց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին փոխարինեց Վիգեն Սարգսյանով, ազատվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նրան փոխարինեց ՌԴ-ից կանչված Կարեն Կարապետյանով, փաստորեն, ոչ թե մտադիր էր «տեխնոկրատների կառավարություն» ունենալ, ոչ թե ուզում էր նախագահի պաշտոնը թողնելուց առաջ վերջապես կյանքի կոչել «ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա» բանաձևը, այլ փորձում էր խաբս տալ հասարակությանը, իր ուսերից գցել նախորդ կառավարության ձախողումների, այլասերումների պատասխանատվությունն ու նախապատրաստվել ժամանակ անց վարչապետ դառնալուն։ 2017-ին, ի դեպ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ամոթանք տվեց համայնքապետերին, որոնց ճնշող մեծամասնությունն, ի դեպ, ՀՀԿ-ականներ էին, «իրենց պաշտոնը չարաշահելու, այն անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ»։

Պարզվեց, որ երկրիս նախագահը շատ լավ էլ տեղյակ է եղել իշխող թիմի ներկայացուցիչների այս անամոթություններից և նրանց պատասխանատվության հարցը բարձրացնելու փոխարեն ներողամտություն է ցուցաբերել։ «Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»,-«ձեռքի հետ, ոտքի վրա» հայտարարել էր Սարգսյանը: Ի դեպ, նրանցից շատերի, այդ թվում՝ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ քրեական հետապնդում դժվար թե սկսվեր, եթե տեղ չունենար 2018-ի հեղափոխությունն ու իշխանության չգար Փաշինյանի թիմը։

Ի դեպ, հատուկ Մամիջանյանի ու նրա «արշինով» Փաշինյանի կադրային քաղաքականությունը չափողներին հիշեցնենք նույն Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արված (2013 թվական) մեկ այլ հայտարարություն։ Ի պատասխան կառավարությունում սպասվելիք կադրային փոփոխությունների մասին ԶԼՄ-ներից մեկի հարցի՝ նախկին նախագահն արձագանքել էր՝ «ես մի անգամ հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ`որևէ պետական պաշտոնյա չի կարող երաշխավորված լինել, թե նրան երբեք որևէ մեկը պաշտոնից չի ազատելու»։ «․․․․Ես հիմա թիվ կասեմ` բոլորդ կզարմանաք: Հինգ տարվա ընթացքում, ինչ ես ձևավորել եմ կառավարություն, իսկ մեր կառավարությունը բաղկացած է 19 հոգուց` 18 նախարար, գումարած վարչապետ, ես 20 փոփոխություն եմ արել: Օրինակ, որևէ մեկը մտածո՞ւմ էր, որ այդքան փոփոխություններ են եղել: Ոչ: Ինչո՞ւ, որովհետև առավոտից երեկո բոլոր լրատվամիջոցներն ասում են, որ մեր երկրում կադրային փոփոխություններ չեն լինում: Գնացեք, ստուգեք, տեսեք`20 փոփոխություն: Մեր կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: Դա համարում եք շա՞տ: Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքը աշխատում և ընդհանրապես ինչ է նշանակում նախարար: Ասածս չի նշանակում, որ փոփոխություններ չեն լինելու: Ընդհակառակը` ես մի անգամ հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ`որևէ պետական պաշտոնյա չի կարող երաշխավորված լինել, թե նրան երբեք որևէ մեկը պաշտոնից չի ազատելու: Եվ հիմա, եթե դուք ինձ ցանկացած պաշտոնյայի մասին հարցնեք, իմ պատասխանը հետևյալն է՝ այսօրվա դրությամբ ես այդպիսի միտք չունեմ: Բայց դա չի նշանակում, որ այդ նույն պաշտոնյան վաղը չէ մյուս օրը չի թերանալու, որի համար համարեմ, որ նա պետք է պաշտոնից հեռանա: Ասածս հետևյալն է` կադրային փոփոխությունները մշտական գործընթաց են: Ընդհանրապես մեր երկրում չկան շատ երկար աշխատող պաշտոնյաներ` նկատի ունեմ նույն պաշտոնում՝ ես ինձ նկատի չունեմ: Բայց նայեք հարևան երկրներին, տեսեք՝ մարդիկ կան, որ 20 տարուց ավելի նախարարներ են: Ուրեմն, մի բան կա այստեղ: ․․․Գիտեք, կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել»,-մասնավորապես նշել էր Սարգսյանը:

Մի դիտարկում էլ՝ եթե ընդդիմությունը տեղի ունեցող կադրային փոփոխությունները մեկնաբանում է նախընտրական տրամաբանության մեջ, գուժում է Փաշինյանի «թիմի ճաքեր տալու» մասին, վերջինիս էլ համարում է «քավության նոխազների» «քուրմ», ապա ինչով է զբաղված ընդդիմությունը։ Ասենք՝ մտածո՞ւմ է այն մասին, թե ինչ քաղաքական, էլեկտորալ ռեսուրսով, կադրային ի՞նչ որակի բազայով կամ բանկով է մասնակցելու արտահերթ կամ հերթական ընտրություններին։ Հին դեմքերով, որոնք ասոցացվում են նախկին կոռումպացված ռեժիմի հետ, թե՞ ներգրավել են նոր ու թարմ դեմքեր։ Ասենք՝ ովքեր են լինելու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակի դեմքերը՝ կամ, ասենք, ՀՅԴ-ի ու նախկին նախագահ Քոչարյանին սպասարկող քաղաքական խմբակների։ Ռուսական ասացվածքի մեջբերմամբ սկսեցինք, հին հայկական ասացվածքով ավարտենք․ «Կռեթը նստել, քարի դարդն է լացում»։

Հեղինե Մանուկյան