13/01/2025

Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել

Ռուսաստանի պետական դումայի երկարամյա պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, որ հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» հիմնադիրներից է, նաև ռուսական «Նեզավիսիմայա գազետայում» հեղինակային հոդված է հրապարակել:

Այն նվիրված է պետդումայի կողմից օրերս ընդունված «Կրթության մասին» ՌԴ օրենքում փոփոխություններին, որ պետդուման արագացված ռեժիմով երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է դեկտեմբերի 12-ին:

Օրենսդրական փոփոխություններն առաջարկել են պետդումայի բոլոր խմբակցությունները, նախձեռնության համահեղինակ է նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի ստորին պալատի խոսնակ Վոլոդինը: Եթե հակիրճ ձևակերպվի, ապա փոփոխություններն այն մասին են, որ միգրանտների երեխաներն այսուհետև Ռուսաստանի ամբողջ տարածքում կարող են հանրակրթական դպրոց ընդունվել միայն ՌԴ-ում ծնողների կեցության օրինականությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում և ռուսաց լեզվից թեստավորում անցնելուց հետո:

Ըստ Կոստանտին Զատուլինի՝ եթե Դաշնային ժողովի վերին պալատն այդ փոփոխությունները հաստատի, և նախագահ Պուտինը նոր օրենքն ստորագրի, այն մտնի ուժի մեջ, ապա սահմանադրության երաշխիքը, որ Ռուսաստանում բոլոր երեխաները, անկախ նրանց ծնողների քաղաքացիությունից, ունեն անվճար հանրակրթության իրավունք, կխախտվի, ինչպես նաև կանտեսվեն ՌԴ միջազգային պարտավորությունները:

Զատուլինը, ինչպես ինքն է ասում, Ռուսաստանի քաղաքական կյանքի «հնաբնակներից» է, երկար տարիներ անդամակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը և քաջ գիտի, որ եթե իշխող ուժի խորհրդարանական խմբակցությունը փոփոխություններին միաձայն «կողմ» է քվեարկել, իսկ իրեն զրկել եզրափակիչ ելույթի իրավունքից, ուրեմն ամեն ինչ արվում է Կրեմլի համաձայնությամբ, ավելի ճիշտ՝ հանձնարարականով:

Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել: Նա վկայակոչել է կոմունիստ պատգամավոր Նինա Օստանինայի ելույթը, որտեղ վերջինս «Կրթության մասին» օրենքի փոփոոխությունները հիմնավորել է նրանով, որ վերջին շրջանում նկատվում է Ռուսաստանի տարածք «զբոսաշրջիկների անվան տակ ծայրահեղ իսլամականների զանգվածային մուտք»: Զատուլինը համեմատություն է անցկացրել ԽՍՀՄ ժամանակների հետ, երբ կոմունիստների առաջարկություններն ընդունվում էին «միաձայն, բուռն և երկարատև ծափահարություններով»:

Հեղինակային հոդվածի վերջում ռուսաստանցի պատգամավորը հիշեցնում է, որ տարիներ առաջ ռուս ուղղափառ եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տիխոնն իրեն համեմատել է Կասանդրայի հետ․ «Կասանդրան Տրոյայի Պրյամոս թագավորի դուստրն էր, որ օժտված էր կանխագուշակման շնորհով, բայց ենթարկվում էր պատժի: Նրան ոչ ոք չէր հավատում: Դառն է Կասանդրա լինել»:

Զատուլինի ակնարկը, ըստ երևույթին, վերաբերում է նրան, որ ինքը կանխատեսել է ռուս-ուկրաինական պատերազմ, փորձել զգուշացնել հետևանքների մասին, բայց ոչ ոք չի լսել: Նա հիշեցնում է, որ ժամանակին պաշտպանել է Աբխազիայի, Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Աբխազիան այսօր, ըստ որոշ տեղեկությունների, ձգտում է Թուրքիայի հովանավորությանը, Լեռնային Ղարաբաղը հայաթափված է: Մերձդնեստրն, ամենայն հավանականությամբ, Մոլդովայի հետ կընտրի եվրաինտեգրման ուղին:

«Կրթության մասին» օրենքում խստացումները, իհարկե, Ռուսաստանում միգրանտների բողոքի զանգվածային ալիք չեն հարուցի: Բայց, ինչպես ռուսներն են ասում, «նստվածքը կմնա»: Հրապարակային դժգոհությունը քաղաքական կյանքի «պրոֆիլակտիկա» է:

Վտանգավորը, անկանխատեսելին խուլ լռությունն է, որ ցանկացած պահի կարող է պայթել: Ռուսերեն «смута» բառը, որ բնորոշում է տարերային ապստամբությունը, հաճախ չի էլ թարգմանվում: Կոնստանտին Զատուլինը, պուգաչովյան սմուտա՞» է կանխատեսում: