17/01/2025

Փաշինյանն ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման

Նախկին նախագահներին ուղղված բանավեճի «մարտահրավերից» հետո Հայաստանում առկա է քննարկումների և կռահումների շարք, թե Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ, ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման և հանրության ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա, եթե խոշոր հաշվով առկա է մի իրավիճակ, երբ Արցախի հարցը գործնականում օրակարգում չէ:

Ինչպես ենք մենք վերաբերվում այդ հանգամանքին, դա այլ հարց է, բայց գործնականում փաստ է, որ հարցը օրակարգում չէ: Այդժամ, ինչո՞ւ այն բերել ներքաղաքական օրակարգ: Ի՞նչ խնդիր է դրանով լուծում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փորձելով «հրահրել» նախկին նախագահներին, նախկին պաշտոնյաներին և նրանց համակիրներին: Եվ դա այն դեպքում, երբ արտաքին միջավայրում ակնհայտորեն ծավալվում են բավականին լուրջ և էական, հնարավոր է անգամ շրջադարձային զարգացումներ, այդ թվում մեր ռեգիոնին ու Հայաստանին առնչվող:

Այդ պայմաններում արցախյան հարցը ներքաղաքական օրակարգ բերելն ունի լոկ քարոզչական շեղող մանևրի նպատակ, թե՞ կարող են լինել հաշվարկներ ու մոտիվներ, որոնք առայժմ տեսանելի չեն: Թե՞ Նիկոլ Փաշինյանն այդ կերպ պարբերաբար «հրահրելով» քննարկումներ, այսպես ասած «վառ» է պահում արցախյան հարցը ներքաղաքական «բանավեճի» մակարդակում՝ այդ կերպ ակնկալելով իր համար մանևրի տարածություն բացել արտաքին տիրույթում սեղմվող և բարդ միջավայրում:

Ի դեպ, այդ տեսանկյունից գուցե ուշադրության արժանի է հանգամանքը, որ Փաշինյանը հանրային և քաղաքական աղմուկը «հրահրում» կամ «խթանում» է փաստորեն Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ ու ԱՊՀ գագաթնաժողովներին, և որտեղ անկասկած կլինեն էական քննարկումներ ու շփումներ, կապված ռեգիոնալ անվտանգության միջավայրի հետ: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ ծրագրված չէ Փաշինյան-Պուտին հանդիպում, սակայն կլինեն գագաթնաժողովի ընթացքում շփման հնարավորություններ: Իսկ կլինի՞ արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում, այդ մասին չկա որևէ բարձրաձայնում: Բայց նվազագույնը շփումներ կլինեն անկասկած: