13/01/2025

Պատերազմի «կոնյուկտուրան» դեռևս կլինի գերակայողը միջազգային հարաբերություններում

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ կան շատ երկրներ, որոնք կարող են դառնալ ուկրաինական կարգավորման բանակցային հարթակ: Պեսկովն այդպես է արձագանքել հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում Սլովակիայի վարչապետի հայտարարությանը, որը հայտնել էր ուկրաինական կարգավորման համար բանակցային հարթակ տրամադրելու պատրաստակամություն:

Պեսկովը հայտարարել է, որ կան մի շարք երկրներ, որոնք կարող են լինել այդպիսին, որոնք շփումներ ունեն թե Կիևի, թե Մոսկվայի հետ: Նա չի թվել անուններ՝ ասելով, որ կարևորը բանակցային ուղի դուրս գալն է, ինչի խոչընդոտ նա համարում է Կիևին:

Ուկրաինական պատերազմը բանակցային ուղի դուրս կգա, թե ոչ, պատկերը հարաբերական է, թեև, կարծես թե, բոլորն են խոսում 2025 թվականին դադարի հասնելու հնարավորության մասին: Բայց խոսակցությունները, իհարկե, ոչինչ են, որովհետև այստեղ խնդիրը ցանկությունների դաշտում չէ, այլ շահերի:

Իսկ շահառուները շատ են ու նաև տարբեր են շահերը: Հետևաբար, իհարկե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտումը կարող է ունենալ դադարի հասնելու հարցում առանցքային նշանակություն, բայց այն չի կարող լինել բավարար հանգամանք, քանի որ համադրել խիստ տարբեր շահերն ու մղումները այնպես, որ դրանք բերեն հրադադարի շուրջ որևէ էական համաձայնության, Թրամփի համար լինելու է շատ բարդ:

Հատկապես, որ հարկ է չմոռանալ մի հանգամանք՝ ուկրաինական հարց ինքնին, որպես այդպիսին, թերևս այսօր գոյություն չունի: Այն աշխարհակարգային մեծ դիմակայության մի մաս է, իսկ դիմակայությունը փքվում է Ասիախաղաղ օվկիանոսյան գոտուց մինչև Լատինական, եւ այսօր անգամ հյուսիսային Ամերիկա, եթե հաշվի առնենք Թրամփի հայտարարությունները Կանադայի վերաբերյալ:

Այդ տեսանկյունից, եթե անգամ 2025 թվականին կլինի դադար ուկրաինական ճակատում, դա բոլորովին չի կարող նշանակել ավելի հանդարտ, կայուն և կանխատեսելի ռեժիմ աշխարհակարգային ամբողջ դիմակայությունում: Միջազգային հարաբերությունները դեռևս հեռու են այդ ռեժիմից, հետևաբար չպետք է լինեն ավելորդ ակնկալիքներ ու սպասումներ:

Հայաստանը պետք է իր կենսագործունեության ռեժիմն ադապտացնի հենց շարունակվող անկանխատեսելիությանը, տուրբուլենտությանը, այլ ոչ թե կառուցի «ուր որ է հանդարտության և խաղաղության» չափազանցված սպասման վրա: Խաղաղության պետք է ձգտել, պետք է կառուցել խաղաղություն, բայց առանց դրա համաշխարհային կոնյուկտուրայի ձևավորման սպասումով:

Պատերազմի «կոնյուկտուրան» դեռևս կլինի գերակայողը միջազգային հարաբերություններում, հետևաբար դրա հետևանքները կառավարելու և ռիսկերը չեզոքացնելու հարցում առավել արդյունավետ լինելու համար նվազագույն անհրաժեշտը անիրատեսական սպասումներ չունենալն է: