15/01/2025

Հայաստանում քաղաքական պատկերն ու քաղաքականության պետական արդյունքը

Եթե որոշակի հետ հայացք գցենք անկախության շրջանին, ապա Հայաստանի բոլոր իշխանություններին բոլոր ընդդիմությունները քննադատել են Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերը զիջելու, նահանջ արձանագրելու, զիջողական կեցվածքի համար:

Կարելի է իհարկե տարբեր կերպ բնորոշել Հայաստանի երեք նախագահների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, կարելի է դա համարել մեծ հաշվով շարունակական, կամ համարել իրար հակասող, կարելի է հերոսացնել կամ դավաճան որակել նախագահներին:

Բայց դրանք թերևս խնդիրը շեղում են բուն առանցքից: Իսկ առանցքը թերևս հետևյալն է. ինչ ռեսուրսով էր Հայաստանը մտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց, ինչ ռեսուրսով էր այդ գործընթացի մեջ և ինչ ռեսուրսով էր մնալու այդ գործընթացի դիմադրունակ ու կենսունակ մասնակից:

Օրինակ, Ադրբեջանը գործընթացին մասնակցում էր իր նավթով, գազով, Կասպիցի ավազանի և Միջին Ասիայի դարպասի իր աշխարհագրական դիրքով: Երբ փորձում ենք մտածել այդ մասին, ապա թերևս ցավով տեսնում ենք, որ Հայաստանը բանակցային գործընթացին մասնակցում էր միայն իր ունեցած տարածքային ռեսուրսով:

Այսինքն, մենք միայն տարածք ունեինք «տալու», ուրիշ ոչ մի բան: Բայց արդյոք դա էր այն միակ ռեսուրսը, որը կարող էր ունենալ Հայաստանը: Այսինքն, արդյոք նավթի, գազի բացակայության պայմաններում Հայաստանին միայն իր հաղթանակն էր մնացել, որպես բանակցային գործընթացում սեղանին դնելու ռեսուրս: Թերևս ոչ:

Հայաստանն ուներ ահռելի ստեղծագործական ներուժ, որի վկայությունն էր այն, որ երկիրը գտնվելով աշխարհաքաղաքական փլուզումների բարդ միջավայրում, աշխարհագրական ծանր պայմաններում, ունենալով ԽՍՀՄ փլուզման հետևանքով փլուզված տնտեսություն, կիսաշրջափակված ճանապարհներ, չունենալով անկախ պետականության կառավարման փորձ, Հայաստանը կարողացավ հաղթել պատերազմ, կարողացավ ապահովել այդ հաղթանակի դիվանագիտական «թիկունք», այդուհանդդերձ կարողացավ ձևավորել տնտեսական նոր հարաբերություններ և արդյունք:

Արգելակվեց իհարկե արդիականացման, այսպես ասած երկրորդ սերնդի բարեփոխումների ընթացքը: Այդ փուլի փոխարեն, կապիտալի նախնական կուտակմանը Հայաստանում հաջորդեց արդեն կոռուպցիոն համակարգի բյուրեղացման փուլը, ինչը լրջագույն ռիսկեր առաջացրեց ներքին ու արտաքին քաղաքականության առումով: Այնպիսիք, որ անգամ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում հայտարարում էր, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է:

Արդիականացման փուլում Հայաստանը պետք է ապավիներ քաղաքակրթական ռեսուրսին, պետք է տարիների ընթացքում առավել խորացներ իր և Ադրբեջանի միջև քաղաքակրթական, արժեհամակարգային տարբերությունը, Հայաստանը պետք է բանակցային գործընթացին մասնակցեր իր տեխնոլոգիական ռեսուրսով, ժողովրդավարական, ժամանակակից մրցունակ պետության արժեհամակարգով:

Մինչդեռ 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից ակնհայտորեն նշմարվող այդ տարբերությունն անկախության առաջին տարիներից կամաց-կամաց սկսեց հետևողականորեն տարեցտարի չեզոքացվել, փոշիանալ: Այդ ամենի մասին խոսակցությունը բացարձակապես չի կարող նշանակել Նիկոլ Փաշինյանի դերի, անարդյունավետության, պատերազմի պարտության և Արցախի կորստի համար պատասխանատվության արդարացում կամ փոշիացում:

Ցանկացած պարագայում, անկախ որևէ հետագծից, գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը՝ ինչպես վաստակը որևէ հաղթանակի դեպքում, այդպես էլ պատասխանատվությունը որևէ պարտության պարագայում, կորստի պարագայում, աներկբա է ու ենթակա չէ անգամ քննարկման:

Քննարկման, իսկ ավելի շուտ՝ քննության ենթակա կարող է լինել մեղքը, բայց պատասխանատվությունը դուրս է ցանկացած քննարկումից: Սակայն, եթե մենք նկատենք միայն Նիկոլ Փաշինյանը, և չնկատենք մեզ, ապա մենք «տեսադաշտից» դուրս կթողնենք որպես հավաքականություն մեր անելիքը:

Ցանկացած քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթաց ռեսուրսների պայքար է` մտավոր, նյութական, ֆիզիկական, արժեքային, սոցիալ-հոգեբանական: Այդ ռեսուրսները չեն կորել 2018-ից հետո: Ավելին, որքան էլ այսօր գուցե շատերի համար պոպուլյար չէ խոստովանել, այդ ռեսուրսների մսխումն է, որ տարբեր, անգամ որոշակի իրարամերժ գործոնների ու մոտիվների բերումով հնարավոր է դարձրել 2018 թվականին տեղի ունեցածը:

Հետևաբար, պատճառահետեւանքային շեշտադրումները պետք է լինեն թերևս ստույգ, որպեսզի փոխվի Հայաստանում քաղաքական պատկերն ու քաղաքականության պետական արդյունքը: