Կստորագրվի՞ արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր 2025 թվականին: Այս հարցը, երևի թե, տարվա մեկնարկին կհնչի ավելի ու ավելի հաճախ:
Բայց հարցը չունի այո կամ ոչ պատասխան: Որովհետև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ճակատագիրը կախված է ավելի լայն միջավայրում աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունից: Անկասկած է, որ Ադրբեջանը չունի պայմանագիր ստորագրելու ցանկություն և մտադրություն:
Միևնույն ժամանակ, ամեն գնով պայմանագիր ստորագրելը չի բխում նաև Հայաստանի շահից, որովհետև ամեն գնով ստորագրված պայմանագիրը ոչ մի կապ չի ունենալու խաղաղության հետ: Պայմանագիրը պետք է լինի հավասարակշռված բովանդակությամբ, որը կապահովի հավասարակշռության այնպիսի թե՛ երկկողմ, թե՛ նաև արտաքին մեխանիզմներ, որոնք թույլ կտան ստանալ շատ, թե՛ քիչ երաշխավորված պատկեր:
Այսօր, սակայն, միջազգային հարաբերությունների համայնապատկերը թույլ չի տալիս իրատեսական համարել այդօրինակ հեռանկարը: Որևէ կերպ բացառված չէ, որ իքս պահից կարող է փոխվել պատկեր, հետևաբար կարող են փոխվել նաև նախադրյալներ, ընդ որում թե դրական, թե բացասական իմաստով:
Այդ առումով, Հայաստանի համար, իհարկե, տարվա առաջնահերթությունը խաղաղության գործընթացի շարունակություն ապահովելն է, կրկնեմ՝ ոչ ամեն գնով, բայց չշեղվելով այդ ընդհանուր տրամաբանությունից: Այն կարող է չլինել էֆեկտիվ, որովհետև էֆեկտիվությունը բնականաբար կախված չէ միայն Հայաստանից:
Սակայն, մյուս կողմից, Հայաստանը պետք է անի իրենից կախված առավելագույնը: Իսկ դա ենթադրում է նաև պետական ներուժի ավելացում, որովհետև վերջին հաշվով ցանկացած խաղաղություն դա առաջին հերթին ուժային բալանսի արտացոլում է, լինի արձանագրված, այսպես ասած փաստաթղթավորված, թե հարաբերական խաղաղություն:
Ըստ այդմ, որպես պետություն, որպես հանրություն մեր գլխավոր հարցը ոչ թե այն է՝ կստորագրվի խաղաղության պայմանագիր, թե ոչ, այլ՝ կհաջողվի՞ Հայաստանին էական արդյունքներ ապահովել ուժերի բալանսի ձևավորման ուղղությամբ: Որովհետև հակառակ պարագայում Հայաստանը կմնա պարզապես այսպես ասած արտաքին բալանսի հույսին:
Իսկ այդտեղ, կան և կարող են լինել մեզ համար թե նպաստավոր, թե վտանգավոր հեռանկարներ: Բախտի «քմահաճույքին» չմնալու համար Հայաստանը, իհարկե, պետք է առավելագույն արդյունավետությամբ իրականացնի իր անելիքը, առավելագույն արդյունավետությամբ և ամբողջականությամբ պատասխանի իր համար գլխավոր հարցերին:
Բաց մի թողեք
Կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու նոր հնարավորությունները
Գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ
ՀՀ որոշումից հետո ԵՄ գործադիր իշխանության արձագանքը բավականին զուսպ է