23/01/2025

«Ինչի՞ շուրջ բանավիճվի Նիկոլ Փաշինյանի հետ: Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է եղել, որ դրանով բանավեճի մեջ մտնելով, կարող է թվալ, թե ինչ-որ բան կասկածի տակ է դրվում»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով, թե ինչո՞վ է պայմանավորում այս պահին ընդդիմադիր դաշտում երկու տարբեր անհատների կամ ուժերի, քաղաքական գործիչների՝ Նարեկ Մալյանի եւ Անդրանիկ Թեւանյանի միջեւ ծավալվող բանավեճը եւ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը, ասաց.

«Ես իմ բացասական վերաբերմունքը բազմիցս արտահայտել եմ ընդդիմադիր դաշտում այդ գործընթացներին: Ճիշտն ասած, հիմա չեմ էլ հասկանում, թե ինչից է այդ ամենը սկսվել: Բայց, իհարկե, կուզեի՝ այդ ամեն ինչը չլիներ: Անդրանիկ Թեւանյանը եղել է «Հայաստան» դաշինքով պատգամավոր, հետո դուրս է եկել: «Հայաստան» դաշինքը սատարել է քաղաքապետի ընտրություններին նրանց մասնակցությունը: Այդքանը: Հիմա նա առանձին իր գիծն է տանում, իր շարժումն ունի: Այնպես որ, կարծում եմ, այստեղ ամեն ինչ ակնհայտ ու պարզ է»:

Հարցին, թե իր հայրը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ հրաժարվեց բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Դրա մասին արդեն շատ խոսվել, ասվել է: Իմիջիայլոց, այս մասով հակընդդեմ առաջարկ է արել Վարդան Օսկանյանը, որը լավագույններից է, որ տիրապետում է բանակցային գործընթացի բոլոր նրբություններին: Ու տեսանք, որ մյուս կողմից չհամաձայնեց դրան մասնակցել: Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ ինքը վարչապետ է ու իրենք նույն մակարդակի վրա չեն, կարող էր առաջարկել, որ, օրինակ, Արարատը մասնակցեր: Ասվել է՝ ինչի՞ շուրջ բանավիճվի: Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է եղել, որ դրանով բանավեճի մեջ մտնելով, կարող է թվալ, թե ինչ-որ բան կասկածի տակ է դրվում»: