15/01/2025

ԼՂ-ում արյունալի պատերազմն ամբողջական Ադրբեջանում իշխանության վերադարձի միակ ճանապարհն էր

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությունն ունի մի էջ, որի մասին կողմերը հասկանալի պատճառներով գերադասում են լռել: Խոսքը 1991թ. սեպտեմբերի 20-23-ին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների Ելցինի և Նազարբաևի Բաքու, Ստեփանակերտ և Երևան միջնորդական այցերի և Ժելեզնովոդսկում ստորագրված կոմյունիկեի մասին է:

Այդ փաստաթուղթը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից բացի ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները, ենթադրում էր, որ Երևանը և Բաքուն չեղյալ կճանաչեն ԼՂ վերաբերյալ Խորհրդային Միության սահմանադրությանը հակասող բոլոր իրավական ակտերը, ինքնավար մարզում կվերականգնվի 1988թ. ստատուս –քվոն: Համաձայնագրով ձևավորվում էր ռուս-ղազախստանյան դիտորդական առաքելություն, խորհրդային զորքերը մնում էին Լեռնային Ղարաբաղում:

Ձեռք բերված համաձայնությունները չեն իրականացվել: Ադրբեջանական կողմն իր հետագա ագրեսիվ քայլերը «հիմնավորել է» ՄԻ 8 ուղղաթիռի կործանմամբ, որ տեղի է ունեցել նույն տարվա նոյեմբերի 20-ին: Ադրբեջանական կողմի վարկածով՝ «ուղղաթիռը խոցվել է «Ստինգեր» զենիթային շարժական հրթիռով»: Պաշտոնական հետաքննություն չի անցկացվել, քանի որ ուղղաթիռի «սև արկղը», ինչպես բաց աղբյուրներն են հավաստում, «Մոսկվա է ուղարկվել նախապես վնասված վիճակում»:

ԽՍՀՄ ՆԳ նախարարության ներքին զորքերին պատկանող ուղղաթիռն այդ օրն Աղդամից թռչում էր Մարտունի: Առիթ է հանդիսացել, ըստ ադրբեջանցի հեղինակներ Զարդուշտ Ալիզադեի և Ռասիմ Աղաևի, Խոջավենդ ավանի «մի խումբ բնակիչների բողոքը», որ նրանք արտահայտել են նույն օրն Աղդամ ժամանած՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին և պահանջել, որ նրանք «անպայման իրենց աչքով տեսնեն, թե ինչ տառապանքներ են կրում մարդիկ»:

Ադրբեջանցի բազմաթիվ ուսումնասիրողներ վկայում են, որ ուղղաթիռի օդ բարձրանալուց րոպեներ առաջ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Թամեռլան Գարաևը, որ ծնունդով Աղդամի շրջանից է, օդանավակայանի հատուկ կապով Բաքվից հրավիրվել է հեռախոսազրույցի, որից հետո պատճառաբանել է, թե տեղում կարևոր գործ ունի և ուղղաթիռ չի բարձրացել:

Ուղղաթիռի աղետի զոհ է դարձել Ժելեզնովոդսկի կոմյունիկեն ստորագրած՝ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի քաղաքական գրեթե ողջ թիմը: Հաջորդ օրը Բաքվում սկսվել են զանգվածային ցույցեր, Ժողովրդական ճակատն առաջադրել է այլընտրանք. կամ Մութալիբովը ԼՂ-ում «կարգուկանոն է հաստատում, կամ հրաժարական է տալիս»:

Կազմակերպվել է զոհերի թաղման «համաժողովրդական արարողություն», որի ժամանակ քաղաքականապես անկյուն քշված Մութալիովն առաջին անգամ օգտագործել է «պատերազմ» բառը: Նույն տեղում, ի դեպ, կրոնախև ելույթ է ունեցել Բաքվում Իրանի գլխավոր հյուպատոսը:

Թաղման արարողությունից անմիջապես հետո Գերագույն խորհուրդը հրավիրել է արտահերթ նիստ, երկօրյա բանավեճերից հետո ընդունվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու, արդեն «Վերին Ղարաբաղ» անվանված շրջանի ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման միջոցառումների մասին որոշում, դրանց կատարումը վերապահվել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարություններին:

Փաստացի դա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը պետական պաշտպանությունից, սոցիալական հոգածությունից զրկելու, նրան դաժան շրջափակման միջոցով սովահարության, ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիքով բռնատեղահանության պարտադրելու մասին պետական մակարդակով ընդունված ակտ է, որ մինչ օրս ամբողջական բովանդակությամբ հրապարակված չէ:

Պետք չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պաշտոնական խոսույթով պատասխանել՝ «ֆաշիստը դու ես»: Բայց եթե հարցը հասել է մի հանգրվանի, երբ նա Հայաստանում «ֆաշիզմը ոչնչացնելու» խնդիր է դնում, ապա պարտադիր պետք է ներկայացնել ադրբեջանական ֆաշիզմի ոչ միայն դրսևորումները, այլև ծագումնաբանությունը. 1991թ. նոյեմբերին Մութալիբովի իշխանության տապալմամբ շահագրգռված մեկ անձ կար՝ Հեյդար Ալիև:

Մութալիբովը նրան սպառնացել, որ ի կատար կածի ԽՍՀՄ դատախազության որոշումը և կձերբակալի: Նա էր, որ սեպտեմբերի 3-ին Նախիջևանի Գերագույն մաջլիսի նախագահի պաշտոնում ընտրվելուց մի քանի րոպե հետո հրամանագիր է ստորագրել և ինքնավարության տարածքում կասեցրել Ադրբեջանի նախագահական ընտրությունները:

ԼՂ-ում արյունալի պատերազմն ամբողջական Ադրբեջանում իշխանության վերադարձի միակ ճանապարհն էր, ինչն էլ հետևողականորեն իրացրել է Հեյդար Ալիևը: