Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը թելեգրամյան ալիքում հերքել է Սերգեյ Լավրովի անունից Ադրբեջանի արտագործնախարար Բայրամովին հղած նամակի իսկությունը: Ինչպես ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն է ձևակերպել, դա քաղաքական պատվեր է և «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի խորտակման թեմայով շահարկումների փորձ:
Ըստ այդմ՝ համացանցում սովորական էլեկտրոնային հասցեից տարածվել է անգլերենով գրված տեքստ, որով Լավրովը, իբր, ադրբեջանցի պաշտոնակցին իրազեկում է, որ Ռուսաստանը չի երաշխավորում իր օդային տարածքի անվտանգությունը: «Դա կոպիտ և ցինիկ կեղծիք է»,- ասված է ՌԴ ԱԳՆ թելեգրամյան հայտարարության տեքստում և ամփոփված, որ պարզունակ ֆեյքը հետապնդում է զգացմունքային ռեակցիա առաջացնելու նպատակ:
Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակումից անցել է երեք շաբաթ: Հրապարակային միակ տեղեկատվությունն այն է, որ սև արկղերի ձայնագրություններն ամբողջովին վերծանվել են և տրամադրել աղետի հետաքննության Ղազախստանի կառավարական հանձնաժողովին: Պաշտոնական Աստանան այդ տեղեկությունը հաստատել է և ավելացրել, որ, ինչպես պահանջում է ICAO-ի սահմանած կարգը՝ աղետի պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը կներկայացվի մեկամսյա ժամկետում։
Եթե Ղազախստանը «ժամանակի մեջ տեղավորվի», ապա կառավարական հանձնաժողովի եզրակացությունը Մոսկվան և Բաքուն կստանան հունվարի 25-ից ոչ ուշ: Ժամկետը բավական սեղմ է և, բնականաբար, կողմերի նյարդերը լարված են: Մանավանդ որ «Ադրբեջանական ավիաուղիներն» անորոշ ժամկետով դադարեցրել է Ռուսաստանի ավելի քան տասը քաղաքների հետ օդային հաղորդակցությունը:
Ըստ երևույթին՝ ով Լավրովի անունից Բայրամովին նամակ է գրել, հիմք է ընդունել Բաքվի դեմարշը, բայց փորձել է դրա համար պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա: Դա, իրոք, նման է կեղծիքի, բայց ոչ այն պատճառով, որ Ռուսաստանի օդային տարածքն անվտանգ է, այլ՝ որ Լավրովը երբեք պաշտոնապես չի հայտարարի, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Մոսկվան իր օդային տարածքը լիովին չի վերահսկում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ասում է, որ պարզունակ ֆեյքի հեղինակները հետապնդել են զգացմունքային արձագանք առաջացնելու նպատակ: Խոսքը Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի հուզական արձագանքի հավանականության մասին է: Ըստ երևույթին, Լավրովի «գրասենյակը» ցանկացել է ասել, որ ֆեյքը հորինվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրելու նպատակով, բայց վերջին պահին ձևակերպումը փոխվել է:
Այդուհանդերձ, մի սովորական էլեկտրոնային հասցեից տարածված՝ պարզունակ ֆեյքի առթիվ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական արձագանքն ակնհայտորեն վկայում է, որ քաղաքացիական օդանավի աղետը Մոսկվայի և Բաքվի միջև արդեն իսկ անվստահություն է սերմանել, ինչը, նկատի ունենալով ադրբեջանական հանրության և այդ երկրի առաջնորդի գրեթե պաթոլոգիական հիշաչարությունը, չափազանց դժվար է լինելու հաղթահարել:
Դժվար է ասել, որ Բաքուն Մոսկվայից հնարավորինս դիստանցավորվելու համար նման առիթ էր «փնտրում», բայց Իլհամ Ալիևի կեցվածքից կարելի է նման եզրակացություն անել և պատկերացնել, թե Բաքվում իրական ինչ տրամադրվածություն է իշխում, եթե Ադրբեջանի նախագահն Ռուսաստանի հասցեին թույլ է տալիս «մարդկային վերաբերմունքի բացակայության» բնորոշում:
Դիտարժան է, որ Ադրբեջանի նախագահն ավելի կոշտ է արտահայտվել Իրանի հասցեին՝ պահանջելով: Որ Արդեբիլի իմամ Ամենլիի կողմից իրեն «ջհուդների ծառա» անվանելու համար Իսլամական հանրապետությունը նրան պաշտոնազրկի, իսկ իրենից և ադրբեջանական ժողովրդից հրապարակակին ներողություն խնդրի: Ալիևը նույնիսկ չի թաքցրել, որ ներողություն է ակնկալում Իրանի հոգեւոր առաջնորդից, որի ներկայացուցիչն է, ինչպես նա բնորոշել է՝ Արդեբիլի «մոլլան»:
Հասկացվում է այնպես, որ Ադրբեջանի նախագահը մտահոգված է ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրմամբ, քանի որ այդ դեպքում հարկադրված կլինի ապահովել երկու երկրների միջև հաղորդակցության մի զգալի մասի տրանզիտը, իսկ դա հղի է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առարկայական բարդացման սպառնալիքով:
Մոսկվան, կարծես թե, «լավրովյան ֆեյքին» կարևորություն է տվել հենց այդ համատեքստում. այնտեղ սպասում են Իրանի նախագահին: Իսկ Ադրբեջանի նախագահը շտապ մեկնել է Արաբական միացյալ էմիրություններ: Բացառված չէ, նույնիսկ շատ հավանական է, որ Ջեյհուն Բայրամովին «Լավրովի նամակի հեղինակը» հենց ինքը՝ Ջեյհուն Բայրամովն է:
Բաց մի թողեք
Մարտուն Գրիգորյանը որոշել՝ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը. Տխուր լուսանկարներ
Բաքուն չի գնա որևէ էսկալացիայի` չունենալով Թուրքիայի կանաչ լույսը