13/02/2025

Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չունենք. Հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են․ Ավանեսյան

2023 թվականից արդեն իսկ արձանագրել ենք մետավիրուսի հետ կապված խնդիր Հայաստանում: 2024 թվականին դեպքեր չենք ունեցել: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ․ «Թե ինչ իրավիճակ է Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունենք: Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվությունը՝ ռիսկը ավելանալու [վտանգ] կա, և պետք է ուշադիր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»,- ասաց նախարարը:

«Հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են անցնում, բայց չափից դուրս բան տեղի չի ունցել»:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև վիճաբանության, քաշքշուկի մասին տարածված տեղեկություններին։

«Այն, ինչ տպված էր, չափազանցված որակումներով էր։ Պետք է սովորենք հանգիստ լինել ու հարցերը քննարկել, ինչը ես գնահատում եմ մեր նիստերին ու կուսակցության շրջանակներում»,- ասաց նա։

Նշենք՝ մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ ՔՊ վերջին փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը: