Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, Բաքվում հանդիպելով Ադրբեջան այց կատարած Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ, հանդիպումից հետո ճեպազրույցում հերթական անգամ ադրբեջանական «դիտողություններն» ու դժգոհությունն է բարձրաձայնել Հայաստանի Սահմանադրության և «ռևանշիզմի» առնչությամբ:
Վրաստանի ԱԳ նախարարը հիշատակել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հանգամանքն ու դրա կարևորությունը, նաև հայտարարել, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր կարողությունները գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացին նպաստելու համար:
Թեև Ադբրբեջանը հավակնում է դառնալ ռեգիոնալ «լիդեր», կամ ճանաչվել իր այդ դերով՝ միջազգային խոշոր խաղացողների շրջանում, այդուհանդերձ, կովկասյան ռեգիոնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պայմաններում բավականին ուշագրավ վիճակում է հայտնվում Վրաստանը, հատկապես այն փոփոխությունների ֆոնին, որ կարող են տեղի ունենալ եվրաատլանտյան միջավայրում՝ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտով:
Թեև Վրաստանի պարագայում իրավիճակը գնահատվում է «Արևմուտք-Ռուսաստան» դիմակայության «պրիզմայով», այդուհանդերձ, Վրաստանում և դրա շուրջ ծավալվող զարգացումները շատ ավելի «ներարևմտյան» են, քան «արևմուտք-ռուսական»: Վրաստանն իր վրա կարող է կրել Եվրոպայում աջ պահպանողական ուժերի հնարավոր առաջընթացի ու վերելքի ազդեցությունը, և գործնականում դիրքավորվելով հենց այդ դաշտում՝ խոշոր հաշվով կարող է Կովկասում հայտնվել միջազգային ալիքի վրա:
Ընդ որում՝ թերևս հենց դա նշմարելով և այդտեղ մրցակցայնություն տեսնելով է նաև, որ Իլհամ Ալիևը տարեմուտի իր հարցազրույցում ևս նկատելիորեն փորձում էր Արևմուտքի հանդեպ դիրքավորվել հենց այդ տրամաբանության մեջ, ռևերանսներ անելով Թրամփին: Աջ պահպանողականության «պահապան հրեշտակ» եվրոպական ուժերը դիտարկում են Թրամփին, և դատելով որոշ հանգամանքներից ու անգամ հայտարարություններից, նրանք կարող են ստանալ քաղաքական ուղղակի, թե անուղղակի աջակցություն: Իհարկե գործարար Թրամփը դրա համար կպահանջի իր գինը, սակայն կարծես թե չկա այն չվճարելու տարբերակ, և կմնա պայմանավորվել նրա հետ, եթե արդեն չի եղել պայմանավորվածություն: հունվարի 17-ին Ադրբեջան է այցելելու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա կփորձի չեզոքացնե՞լ Ադրբեջանի մրցակցային տրամադրությունները, «սանձե՞լ», թե՞ կառավարել դրանք: Իսկ նա կայցելի՞ Հայաստան մոտակա ժամանակահատվածում, որը փաստացի բարձրացրել է հայ-ամերիկյան հարաբերության խորագիրը, թեև ավելի շուտ հեռացող վարչակազմի պատկերացումներին համահունչ՝ բաց թողնելով նոր վարչակազմի հետ համադրելիության հարցը: Կոբախիձեն Հայաստանում է եղել գրեթե մեկ տարի առաջ՝ 2024-ի մարտին:
Կամ առաջիկայում կլինի՞ Փաշինյանի այց Վրաստան: «Ժանրի կանոնը» հուշում է դրա բարձր հավանականությունը, այն ավելի գլոբալ համատեքստում, որ Վրաստանի կովկասյան դիրքի շուրջ կարող է ձևավորվել եվրաատլանտյան նոր իրողությունների բերումով:
Բաց մի թողեք
«Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ» կամ՝ Սամվել Շահրամանյանի ցինիզմի, երախտամոռության «մաստեր կլասսը»
Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի ՀՀ-ի, թե Իրանի տարածքով. Ուրալօղլու
Աֆրիկյան պետություններում հեղաշրջում անելով հայտնի եղբայրները կուսակցություն են հիմնել