17/02/2025

Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է եղել. կասկածյալների թվում է «Երևան ավտոբուս»-ի ծառայության պետը

Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։

Տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից։ Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լյովա Մ․-ն է։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ այս պահին կատարվածի մասին բացատրություն տալու։

Իրավապահները պարզել են, որ այդ օրը ժամը 10։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ում վիճաբանություն է տեղի ունեցել Լյովա Մ․-ի և Երևանի բնակիչներ 48-ամյա Վարդգես Պապյանի և 58-ամյա Արթուր Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լյովա Մ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից Վ․ Պապյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է, իսկ Ա․ Հովհաննիսյանը աշխատում է «Քինգ Մարշալ» ընկերությունում, որպես անվտանգության աշխատակից: