Հունվարի 22-ը Թուրքիայում համազգայի սգի օր է հայտարարված: Նախօրեին Բոլու նահանգի Կարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի Grand Kartal հյուրանոցում հրդեհը 76 մարդու կյանք խլել, 51 անձ ստացել է վնասվածքներ: Այդ գիշեր, ընդհանուր առմամբ, հյուրանոցում գտնվել է 238 կենվոր:
Թուրքական լրատվամիջոցների նախնական տեղեկությունը, որ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, ապա տարածվել հարկաբաժիններում, չի հաստատվել: Ըստ ավելի հավաստի տեղեկությունների՝ հրդեհն սկսվել է հյուրանոցի ռեստորանից:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հայտարարել է, որ հյուրանոցն ունեցել է հրդեհային անվտանգության հավաստագիր: Բոլուի քաղաքապետ Թանջու Օզքանն այդ հայտարարությունը հերքել է:
Հունվարի 21-ին Բոլու է այցելել Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիսոյը: Տեղում ծանոթանալով իրավիճակին և հաշվի առնելով նախնական եզրակացությունը՝ նա հայտարարել է, որ երկրի և նրա ութսունհինգ միլիոն քաղաքացիների սիրտը խոցած հանցագործներն անպատիժ չեն մնա։
Թուրքական մամուլը հաղորդում է, որ հրդեհի պատճառների հետաքննության քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կան ձերբակալվածներ: Նրանց թվի և ինքնության մասին տեղեկությունները հակասական են: Turkgazetesi-ի տեղեկություններով՝ կալանավորված է ինը անձ, այդ թվում Grand Kartal հյուրանոցի սեփականատերը։
Աղետից փրկված մի քանի մարդ վկայել է, որ «հյուրանոցի համարներում հրդեհային տագնապի ահազանգ չի հնչել»: Ներքին գործերի նախարարության մի աղբյուր ասել է, որ հյուրանոցային համալիրը տրանսպորտային միջոցների համար միայն «ճակատային մասից ունի մոտենալու հնարավորություն»: Նրա գնահատմամբ, եթե հրշեջ մեքենաները կարողանային մոտենալ նաև շինության հակառակ կողմին, ապա «մարդկային կորուստներն անհամեմատ նվազ կլինեին»:
Թուրքական մամուլի հրապարակումներից հասկացվում է, որ Բոլուի քաղաքապետը ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Տպավորություն է, որ նրան մեղադրում են Grand Kartal հյուրանոցի և լեռնադահուկային հանգստավայրի սեփականատերերի հետ գործարքի մեջ մտնելու, անվտանգության միջոցառումներ չձեռնարկելու մեջ, իսկ նա իր հերթին պատասխանատվությունը հասցեագրում է մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
Հրդեհի պատճառների հետաքննության շրջանակներում ձերբակալված անձանց ի՞նչ մեղադրանք է առաջադրվելու: Ներքին գործերի նախարար Երլիկայան արդեն իսկ անոնսավորել է, որ նրանք կպատժվեն: Հետաքննությունն ի՞նչ կանխավարկածով է սկսվել: Խոսքը ծառայողական անփութությա՞ն, թե՞ միտումնավորության մասին է:
Աղետից փրկվածներից ոմանք վկայել են, որ տևական ժամանակ սպասել են օգնության: Շատերը հյուրանոցի անկողնային սավանները հանգուցելով՝ երկրորդ-երրորդ հարկից փրկվել են: Մահացածներից միայն 41-ի դիակն է հանձնվել հարազատներին, մյուսներից, ինչպես մամուլն է ձևակերպել՝ «մնացել է միայն մոխիր»:
Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը հասել է մի մակարդակի, որ նախագահ Էրդողանն իրեն թույլ է տվել բաց տեքստով դիմել անցյալ տարի տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: «Կա՛մ աշխատեք, կա՛մ հեռացեք»: Իշխանամերձ լրատվամիջոցները խստորեն քննադատել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելին, որ հրդեհի մասին լուրը տարածվելուց հետո չի չեղարկել ներկուսակցական միջոցառումը: Օզելը հակադարձել է, որ վեց ժամ կապի մեջ է եղել պատկան մարմինների հետ, որ վստահեցրել են, թե պատահարը չեզոքացված է, տուժածներ չկան:
Թուրքիայի նախագահը վերջին շրջանում մի կարգախոս է հռչակել՝ ահաբեկչությունը պետք է վերացվի: Բացառված չէ, որ հետաքննություն իրականացնող մարմինները Grand Kartal հյուրանոցի հրդեհը որակեն որպես ահաբեկչություն: Իր հավակնություններն իրականացնելու համար Էրդողանին օդուջրի պես պետք է արևմտամետ ընդդիմությունը կապել Քրդական բանվորական կուսակցության հետ: Յոթանսունվեց մարդու կյանք խլած հրդեհը կարող է ծառայել ներքաղաքական այդ գերնպատակի իրացմանը:
Բաց մի թողեք
Ղրիմը և այդ տարածքները ժամանակին օսմանապատկան են եղել և Ռուսաստանին են կցվել …
Մեծ սակարկություն, խեղճ Ուկրաինա
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի. հանդիպումը Փարիզում կլինի