Հայաստանի զինված ուժերը 33 տարեկան է, թեև այս թիվն իհարկե պայմանական է, ինչպես թերևս ցանկացած երկրի զինուժի պարագայում: Որովհետև զինված ուժերի կազմավորման գործընթացը պատմական ժամանակի ու տարածության մեջ բավականին բազմաշերտ երեւույթ է, մեկնակետի հարաբերականությամբ:
Միևնույն ժամանակ, ցավալիորեն բավականին հստակ է մի բաժանարար գիծ, որը «կիսում» է Հայաստանի ԶՈՒ պատմությունը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմ, պարտություն:
Այդ պարտության պատճառների խորքային ուսումնասիրություն մեզանում դեռևս կատարված չէ, ըստ էության չի էլ կատարվում: Չկան գուցե նույնիսկ բավարար նախադրյալներ դրա համար:
Անկասկած է այն, որ այդ պարտությունից հետո Հայաստանի հանրապետության զինված ուժերը կանգնած են խորքային վերականգնման ու վերափոխման հրամայականի առաջ, որը վերաբերում է ոչ միայն ռազմա-տեխնիկական հագեցածությանը, ոչ միայն զինուժի կառուցվածքին, կառավարման սխեմային, մոդելին, կադրերի պատրաստման մեխանիզմին, այլ նաև գաղափարական ու արժեհամակարգային բաղադրիչին:
Ավելին, մեղմ ասած մեծ հարց է, թե ինչպես հնարավոր իրականացնել այսպես ասած զուտ ոլորտային-մասնագիտական-գերատեսչական վերականգնումն ու վերափոխումը բարձր արդյունավետությամբ, եթե չիրականացվի դրան զուգահեռ արժեքային ու գաղափարական վերափոխում:
Իսկ դա, դժբախտաբար, այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է, քանի որ կորսվել է Հայաստանի զինված ուժերի կազմավորման ու գործունեության հիմքում եղած առանցքային գաղափարը՝ Արցախի հաղթանակն ու դրա պաշտպանությունը, որը դիտարկվում էր որպես Հայաստանի հանրապետության անվտանգության համակարգի անքակտելի և կարևոր մաս: Զինված ուժերը պարզապես ոլորտ չէ:
Գաղափարական և արժեքային բաղադրիչը զինուժի համար բոլորովին չունի լոկ էմոցիոնալ նշանակություն: Այն միանգամայն պրագմատիկ բաղադրիչ է, որ դրված է գործնականում ցանկացած երկրի զինված ուժերի գործունեության հենքում:
Կա պարզ առանձննահատկություն՝ ի տարբերություն այլ ոլորտների: Այստեղ մարդիկ գիտակցաբար գնում են գործունեության, որը ենթադրում է ընդհուպ կյանքի զոհաբերում:
Այդ հանգամանքը ձեւավորում է սոցիալ-հոգեբանական առանձննահատուկ միջավայր և այն կառավարելու, նաև այդ միջավայրի ու հանրային լայն միջավայրի հետ օրգանական հաղորդակցության անհրաժեշտություն:
Դա կարևոր է, որպեսի հասարակության և բանակի միջև հաղորդակցությունը չկառուցվի լոկ՝ «բանակի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» տրամաբանությամբ, ինչը ստեղծելով զինուժի հանդեպ խնամքի տպավորություն, գործնականում դառնում է արգելակ անարդյունավետ կառավարման խնդիրների հանդեպ հանրային վերահսկողության համար:
Իսկ այսօր, երբ Հայաստանի զինուժի համար հրամայական է արդյունավետ կառավարման ոչ միայն ամեն օրը, այլ նույնիսկ ամեն ժամը, այդ գործընթացի հանդեպ հանրային վերահսկողությունն ու պահանջների նշաձողը Հայաստանի համար ունի ռազմավարական կարևորություն:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդների մեխանիզմը կապահովի կայուն իրավիճակը
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստն ու Վրաստանի վարչապետի Ադրբեջանից հետո այցը Հայաստան
Հայաստանի ու Ադրբեջանի համար ներկայիս շրջափուլը «հետախուզական» է