17/02/2025

Պարզ է, թե ինչ նպատակով են կեղծ թեզերը մատուցվում

Միջնակարգ դպրոցի հասարակագիտության դասընթացում կա անդրադարձ ազգի եւ ժողովրդի տարբերություններին: Մասնավորապես, 11-րդ դասարանի դասագրքում (2015) «Ազգային շահեր» գլխում խոսվում է ազգի բնութագրիչների մասին, եւ շեշտվում են այն հատկանշները, որոնք քաղաքական իմաստ են ստանում:

Դասագիրքն, ընդհանուր առմամբ, իհարկե, հնացել է, բայց խիստ անցանկալի է, որ փոփոխությունները կատարվեն Հայաստանի ներկայիս ղեկավարի ֆեյսբուքյան գրառումների եւ «լայվերի» հիման վրա: Տեսությունները, բնականաբար, շատ են եւ իրար հակասող, բայց որեւէ տեղ չեմ տեսել «ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ» բանաձեւը:

Հաճախ ասվում է հակառակը՝ ժողովուրդն աճում է ներքեւից, իսկ ազգը կառուցվում վերեւից: Պատահական չէ, որ խոսվում է «ազգաշինության» (nationbuilding – ի)՝ որպես քաղաքական պրոցեսի, ոչ թե ժողովրդաշինության մասին:

Մենք չենք ասում «եզդի ազգ», բայց ամենայն հարգանքով ենք վերաբերվում մեր կողքին ապրող այդ հրաշալի ժողովրդին, նրա ավանդույթներին, լեզվին, մշակույթին: Հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալու Բենեդիկտ Անդերսոնի «Երեւակայական հանրություններ» (Imagined Communities) դասական աշխատությանը, որը լույս է տեսել 1983 թվականին:

Բրիտանացի քաղաքագետը տալիս է ազգի հետեւյալ ձեւակերպումը՝ երեւակայական քաղաքական հանրություն է (դարձյալ քաղաքական), որն ինքնին, ներքուստ սահմանափակ է եւ ինքնիշխան (inherently limited and sovereign):

Երեւակայական է, որովհետեւ այդ հանրության մեջ չկա ամենօրյա շփում, դրա անդամներն իրար չեն ճանաչում, բայց նրանց մտքում ապրում է ընդհանրության կերպարը: Սահմանափակ է, որովհետեւ դա ենթադրում է այլ ազգեր եւ այս կամ այն ձեւով դրանց հակադրվելը:

Ինքնիշխան է, որովհետեւ ազգերը (ազգերը, ոչ թե ժողովուրդները) միշտ ձգտել են ինքնավարության: Ինքնավարության գրավականն է պետությունը:

Այդպիսով, «ազգ» հասկացության մեջ (որն, ի դեպ, ըստ Անդերսոնի, ընդամենը 200 տարվա պատմություն ունի ( թող հիմա լինի 250) , պարտադիր մտնում է քաղաքական բաղադրիչը, ինչպես նաեւ այլ ազգերին հակադրվելը եւ ինքնավարության ձգտումը:

Այսօր Հայաստանում մատուցվող թեզը, թե իբր ազգայինը ենթադրում է հետամնացություն (տրեխներ, գութան եւ անցյալի վերաբերյալ լացուկոծ), ինչպես նաեւ «ազատական»-բոլշեւիկյան ուտոպիան, որ ազգերը շուտով կվերանան եւ կլինեն միայն պետությունների քաղաքացիներ, չեն հաստատվում ոչ գիտական հետազոտություններով, ոչ էլ այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներով:

Բայց պարզ է, թե ինչ նպատակով են այդ կեղծ թեզերը մատուցվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am