Եվրամիության երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգմանը՝ ևս երկու տարով: Այդ առաջարկն արել էր ԵՄ արտաքին հարցերի հանձնակատարը:
Դեսպանների մակարդակով հավանությունից հետո հարցը վերջնական հաստատում պետք է ստանա ԱԳ նախարարների խորհրդում, ինչը, ենթադրաբար, լինելու է ֆորմալ գործողություն, քանի որ բոլոր երկրները դեսպանների մակարդակով տվել են իրենց համաձայնությունը:
Թերևս միայն ֆորս մաժորի պարագայում է, որ ԱԳ նախարարների սեղանին հարցը կարող է բախվել բարդությունների: ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը լրանում էր փետրվարին:
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Ադրբեջանն այդ հարցը բերեց հրապարակային օրակարգ՝ դնելով պայմաններ և պահանջելով դիտորդների դուրսբերում Հայաստան-Ադրբեջան սահմանից, հայտարարելով, որ դա փաստացի ոչ թե ԵՄ, այլ ՆԱՏՕ առաքելություն է:
Իհարկե, մեծ հարց է, թե Ադրբեջանին ինչո՞վ է անհանգստացնում այդ հանգամանքը, եթե Բաքուն ոչ միայն ունի սերտ գործակցություն ՆԱՏՕ հետ, ինչի մասին ամիսներ առաջ բավականին բարձր տոներով էր խոսում ՆԱՏՕ այն ժամանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երբ ռեգիոնալ այցի շրջանակում ժամանել էր նաև Բաքու, և Ադրբեջանը ռազմա-քաղաքական դաշինք ունի ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիայի հետ:
Հետևաբար` ակնառու է, որ Բաքվի այդ մտահոգությունը պարզապես կեղծ է, շինծու, թերևս քաղաքական ինչ-որ խաղի նպատակով: Բացառված չէ, որ Ադրբեջանն այդ կերպ պարզապես մի կողմից փորձում էր այսպես ասած սիրաշահել Ռուսաստանին ու Իրանին, մյուս կողմից՝ հող նախապատրաստել ԵՄ առաքելության կազմ Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման հարց բարձրացնելու համար:
Ընդ որում՝ չնայած դեսպանների մակարդակով որոշման հաստատմանը՝ ԵՄ դիտորդների մանդատը երկարաձգելու և պայմաններն անփոփոխ թողնելու վերաբերյալ, այդուհանդերձ, բոլորվին պետք չէ համարել, որ Ադրբեջանը դադարեցրել է իր «դիմադրությունը» և խաղը:
ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանի սահմանին, անշուշտ, հնարավոր չէ դիտարկել որպես անվտանգության հուսալի մեխանիզմ կամ երաշխիք:
Դրա պարզ վկայությունն է այն, որ այդ առաքելության գոյությունը Բաքվին չխանգարեց իրավիճակը սրել ու շանտաժել այնքան, մինչև պարտադրվեց Հայաստանին փոխել սահմանամերձ հատվածում՝ իր ինքնիշխան տարածքում գործարանի կառուցման որոշումն ու տեղափոխել այն ավելի հեռու:
Հետևաբար, ունենալով այդ օրինակը, ունենալ պատրանք, որ ԵՄ դիտորդները Բաքվին զսպող հուսալի մեխանիզմ են, կլինի մոլորություն:
Միևնույն ժամանակ, Հայաստանն այսօր մի իրավիճակում է, երբ չտնօրինելով որևէ մեկ հուսալի և հաստատուն մեխանիզմ, իրավիճակի կառավարման համար ստիպված է ներգրավել տարբեր կտորներ և դրանց միջոցով ստանալորքան էլ հարաբերական, բայց՝ շատ, թե քիչ կայուն մի պատկեր: ԵՄ դիտորդների մեխանիզմը անկասկած դրանցից մեկն է:
Բաց մի թողեք
Հայաստանն ահռելի տնային աշխատանք ունի կատարելու
Պուտին – Թրամփ բանակցություններն՝ ընդդեմ Հայաստանի
Կառավարությունը պարզապես բարձրացնում է ՓՄՁ հարկը, իսկ բացատրություններն ընդամենը փոքրերի համար են