14/02/2025

Ի՞նչ մասնակցություն է առաջարկվելու Հայաստանին

«Վրացական երազանքը» դադարեցնում է ԵԽԽՎ-ում իր գործունեությունը: Այդ մասին հունվարի 29-ին հայտարարել է վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին, հաղորդում է newsgeorgian:

Նա ասել է, որ Վրաստանի վերաբերյալ բանաձևի պայմանները և վերապահումներն արդարացի և հիմնավորված չեն: Նրա ձևակերպմամբ՝ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման պահանջը խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում 1 120․000 ընտրողների կամքը: Խորհրդարանական վերջին ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին քվեարկել է այդքան ընտրող:

«Այդ պայմանն ընդունել, կնշանակի դավաճանել մեր ընտրազանգվածին, այսինքն՝ մեր հանրության գերակշիռ մեծամասնությանը: Հիմք ընդունելով վերահիշյալը՝ մենք՝ Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամներս, այսօրվանից դադարեցնում ենք ԵԽԽՎ-ում մեր գործունեությունը»,- հիմնավորել է Ծուլուկիանին և ամփոփել, որ դա իշխող «Վրացական երազանք» կուսակցության «թիմային որոշումն է»:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, ինչպես հայտնի է, Վրաստանի վերաբերյալ բանաձևում նրա խորհրդարանական պատվիրակության համար «փորձաշրջան է սահմանել» և պաշտոնական Թբիլիսիին կոչ արել ազատել բոլոր քաղբանտարկյալներին, վերանայել վիճելի օրենքները և նշանակել խորհրդարանի նոր ընտրություններ:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ եվրոպական կառույցների նախնական մոտեցումները չափավոր քննադատակ էին: Փորձագետների մեծ մասը ենթադրում էր, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, ինչպես նախորդ անգամ, ընդդիմությանը կհորդորեն մասնակցել խորհրդարանի աշխատանքներին:

Ըստ երևույթին՝ նման հնարավորություն քննարկվել է: Իրավիճակը կտրուկ փոխեց, երբ վարչապետի պաշտոնում վերանշանակված Կոբախիձեն հայտարարեց, որ կառավարությունը մինչև 2028 թվականը սառեցնում է Եվրամիության անդամակցության բանակցությունները:

Թեա Ծուլուկիանին Ստրասբուրգում հայտարարել է, որ Վրաստանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ և ԵԽԽՎ-ում իր գործունեությունը կվերասկի այն ժամանակ, երբ կփոխվի (Վրաստանի նկատմամբ) անարդարացի վերբերմունքը և շանտաժը: Վրաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ից հեռանում է մի փուլում, երբ Ադրբեջանը Ստրասբուրգ պատվիրակություն չի գործուղել:

Անցյալ հունվարին ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները մեկ տարով կասեցրել է: Ակնկալիքներ կային, որ հարցը նոր տարում կքննարկվի, բայց, երևում է, Իլհամ Ալիևին չի հաջողվել ձևավորել լոբբիստական բավարար ռեսուրսներ, և Բաքուն գերադասել է «մեղքից հեռու մնալ»:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների շուրջ իրավիճակը զարգանում է Վրաստանի վարչապետի Բաքու, ապա և Արաբական միացյալ էմիրություններ այցի ֆոնին: Հարկ է նկատել, որ Կոբախիձեի Աբու Դաբի այցին նախորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային ուղևորությունն ԱՄԷ, իսկ անցյալ տարեսկբին Էմիրությունների նախագահ Նախահիանն այցելել է Բաքու, կողմերն ստորագրել են մի շարք համաձայնագրեր:

Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ այցի ընթացքում Վրաստանի վարչապետին հաջողվել է հասնել վեց միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի համաձայնեցման: Ընդսմին, կարևորվում է, որ ներդրումների հիմնական մասը կկատարվի ենթակառուցվածքների արդիականացման և նորերի ստեղծման ոլորտում:

Խոսքն ի՞նչ ենթակառուցվածքների մասին է՝ կարելի է ենթադրել: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կենտրոնական Ասիա-Եվրոպա ապրանքաշրջանառության ամենաօպտիմալ երթուղի է համարում այսպես կոչված «միջին միջանցքը»:

Փաստացի իրավիճակում խոսքը Բաքու-Կարս երկաթուղու մասին է, որի թողունակությունը մեծացնելու համար պահանջվում են խոշոր ներդրումներ: Այդ կարգի ազատ միջոցներ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը չունեն:

Անցյալ տարի տեղեկություն է տարածվել, որ Եվրամիությունը կարող է 9 միլիարդ եվրո հատկացնել «միջին միջանցքի» ենթակառուցվածքային արդիականացմանը: Ըստ երևույթին, քաղաքական ինչ-որ հանգամանքներ Եվրահանձնաժողովին ստիպել են այդ հարցում առայժմ գործնական քայլեր չձեռնարկել: Ներդրումային «բեռն», այսպիսով, իր վրա է վերցնում ԱՄԷ-ն:

Ընդ որում՝ Վրաստանի վարչապետի ԱՄԷ այցի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտային հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում հայտարարել է, որ ժամանակին ԱՄՆ-ն դեմ է եղել Բաքու-Կարս երկաթուղու կառուցմանը: Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կո՞ղմ է «միջին միջանցքի» թողունակության մեծացման, ենթակառուցվածքների արդիականացման նախագծին, որի հովանավորներից է Չինաստանը:

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Բաքու և Աբու Դաբի այցից հետո ժամանում է Երևան: Ի՞նչ մասնակցություն է առաջարկվելու Հայաստանին: Ռուսաստանը կարո՞ղ է միանալ Բաքու-Կարս երկաթուղուն: Գյումրի-Կարս հաղորդակցությունը ներգրվո՞ւմ է աշխարհաքաղաքական նշանակության կոմունիկացիոն ծրագրավորումներին: Վրաստանի վարչապետ Կոբախիձեի Երևան այցի «խորին խորհուրդը», կարծես, դա է: