23/03/2025

Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի մամուլի ասուլիսին ասաց, որ տարածքների փոխանակման առաջարկություն Հեյդար Ալիևն իրեն արել է Վաշինգտոնում: Ավելի վաղ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ այդ առաջարկությունը Հեյդար Ալիևը Ռոբերտ Քոչարյանին արել է Ժնևում:

Օսկանյանը, ընդսմին, մանրամասնել է, որ այդ ժամանակ ինքը և վարչապետ Վազգեն Սարգսյանը նույնպես Ժնևում էին, բայց Քոչարյանը և Ալիևը հանդիպել են տետատետ: Ռոբերտ Քոչարյանը միայն տեղեկացրել է, որ Հեյդար Ալիևից նման առաջարկություն է ստացել:

Ըստ Օսկանյանի՝ իրենք հենց տեղում եզրակացության են եկել, որ հայկական կողմի համար օգտակարությունն այն է, որ Հեյդար Ալիևը պատրաստ է «հանձնել Արցախը», իսկ Մեղրիի հարցով հնարավոր է այնպես բանակցել, որ չհանձնվի:

Թե որքանով է ոչ միայն իրատեսական, այլև ադեկվատ դիվանագիտական այս «նրբագիտակցումը», որ իր հարցազրույցում, ըստ էության, նաև երկրորդ նախագահը պաշտպանեց՝ քննարկման առարկա է:

Մինչդեռ Հեյդար Ալիևից նման առաջարկություն ստանալու վայրի և, ամենայն հավանականությամբ, ժամանակի տարբերությունը, որ բացահայտվում է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակած տեղեկության տարբերությամբ, բավական ուշագրավ է:

Կարևոր է իմանալ՝ Հեյդար Ալիևն այդ առաջարկությունն արել է 1999թ. խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, մրցապայքարի փուլո՞ւմ, թե՞ հետո, երբ արդեն հայտնի էր, որ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը հարաբերական մեծամասնություն ունի:

Օսկանյանը վկայում է, որ Ժնևում է գտնվել նաև վարչապետ Վազգեն Սարգսյանը, հետևաբար Ռոբերտ-Քոչարյան-Հեյդար Ալիևը հանդիպումը կայացել է 1999թ. հունիսից հետո: Քոչարյանն ասում է, որ Հեյդար Ալիեւից նման գաղափար լսել է Վաշինգտոնում:

Ո՛չ Օսկանյանը, ո՛չ Քոչարյանը հանդիպման տարի և ամսաթիվ չեն նշում: Ենթադրվում է, սակայն, որ նման գաղափար ծնվել է ԼՂ կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկությունը Հեյդար Ալիևի կողմից մերժելուց հետո:

Եթե Հեյդար Ալիևը ԼՂ-Մեղրի «փոխանակման» գաղափար Ռոբերտ Քոչարյանին փոխանցել է 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո, ապա դա չի՞ արվել կանխամտածված: Բանն այն է, որ 1980-ական թվականներին, զբաղեցնելող ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, որ թույլ էր տալիս վերահսկել նաև տրանսպորտային և կոմունիկացիոն հարցերը, Հեյդար Ալիևը հանդես է եկել Սյունիքում երկաթուղուն զուգահեռ Նախիջևանի հետ ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատելու նախաձեռնությամբ:

Հարցը չի լուծվել, որովհետև Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը դեմ է արտահայտվել: Հեյդար Ալիևը չէր կարող հաշվի չառնել, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Կարեն Դեմիրճյանը Մեղրի-ԼՂ «փոխանակման» գաղափարին դեմ է արտահայտվելու, և վարչապետ Վազգեն Սարգսյանը, բնականաբար, քաղաքական դաշնակցի տեսակետը պաշտպանելու է:

Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ Հեյդար Ալիևն ինքը ներքաղաքական «ճգնաժամ» Բաքվում բեմադրել է: Սադարակում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրաժարական են տվել նրա արտաքին գործերի նախարարը և գլխավոր խորհրդականը:

Երկրորդ նախագահ Քոչարյանն ասում է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը քննարկումներին տեղյակ է եղել, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, մինչդեռ, պնդում է, որ ինքը Մեղրի-ԼՂ «փոխանակման» մասին ոչինչ չի իմացել:

Բաբայանը ՊԲ հրամանատար պաշտոնավարել է մինչև 1999թ. դեկտեմբերի 17-ը, բայց հունիսից արդեն կառավարության անդամ չէր: Հնարավոր է՝ ԼՂՀ Անվտանգության խորհուրդն է իրազեկված եղել:

Ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև տետատետ հանդիպման վայրի և օրվա ճշտումը կարող է որոշակի պարզություն մտցնել, թե Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը, որի գործնական իրացումը կախված էր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսենսուսից և, իհարկե, Իրանի համաձայնությունից:

Translate »