Բլումբերգ գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը ՌԴ նախագահ Պուտինին խնդրել է լինել միջնորդ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում բանակցության համար: Ըստ գործակալության՝ Պուտինը համաձայնել է:
Իրանը բնական է դիտում այն, որ կա Վաշինգտոնի հետ դիվանագիտական միջնորդության պատրաստակամություն: Ըստ էության, սա բավականին էական գործընթաց է, որը կարող է վկայել հիմնարար փոփոխությունների ևս մեկ շերտ:
Եթե Պուտինի միջնորդությունը «ինստիտուցիոնալացվի», ապա դա կարող է նշանակել, որ Իրանի միջուկային ծրագրի այսպես ասած Վեցյակի ձևաչափը կարող է դառնալ պատմություն: Այստեղ, իհարկե, լոկ ձևաչափի հարց չէ:
Թրամփը ակնկալում է թերևս Իրանի հարցում դուրս թողնել եվրոպական եռյակին, որն ուկրաինական հարցում «ջոկատ» է կազմել իր դեմ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա: Իսկ Իրանի հարցը աշխարհաքաղաքականության առանցքային հարցերից է, և նույնիսկ գուցե ավելի, քան Ուկրաինան:
Իրանը հանգուցային դերակատար է, որը, ըստ էության «ծածկում» է միանգամից մի քանի առանցքային ռեգիոն՝ Կովկաս, Կասպից, Կենտրոնական Ասիա, Պարսից ծոց, Մերձավոր Արևելք: Եվ սա իհարկե Իրանի մերձակա դիապազոնը: Հետևաբար, Իրանի հարցում աշխարհաքաղաքական համաձայնությունը ունենալու է նոր աշխարհակարգի համար անկյունաքարային նշանակություն:
Այդ իմաստով, Վեցյակի ձևաչափը կարող է փոխարինվել եռյակի՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան: Մեծ հաշվով, խնդիրը, թերևս, այն էլ չէ, որ Թրամփը «պատժում» է եվրոպական եռյակին, Ուկրաինայի հարցում իր դեմ ընդվզելու համար:
Ավելի շուտ, եռյակը, թերևս, մտահոգ է հենց այն գլոբալ «լուսանցքից», որ հղի է իր համար Թրամփի մոտեցումների փաթեթը: Հայաստանի համար, անշուշտ, ուշադրության արժանի լինելով, այս դիմակայությունն, իհարկե, անմիջական հետաքրքրության առարկա չէ, իսկ ահա Իրանի շուրջ քննարկումների նոր ձևաչափը, թերևս, կարող է դառնալ այդպիսին, հաշվի առնելով Հայաստանի թե աշխարհագրական դիրքը, թե իրավա-քաղաքական մի շարք ասպեկտներ, կապված թե Իրանի և Ռուսաստանի հետ, թե նաև Միացյալ Նահանգների՝ հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության տեսքով:
Իրանի շուրջ նոր միջավայրը Հայաստանի համար կարող է լինել բարեխառն նախադրյալ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթի գործնականացման ուղղությամբ աշխատանքի համար:
Բաց մի թողեք
Ադրբեջանը միջազգային արգելակների սահմանազատումը բերում է այդ առնչությամբ ռիսկերի ու վտանգների
ԱՄՆ նախագահը նամակ է հղել, առայժմ Իրանը չի ստացել Թրամփից որևէ նամակ
Ամենասարսափելին անտարբեր մարդն է․ Վարդան Ղուկասյան