29/04/2025

Թրամփն ու Ռուբիոն պարտադրում են, որ հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի

«Ո՛չ Երևանը, ո՛չ Թբիլիսին չեն կարող Կասպյան տարածաշրջանը Պարսից ծոցին կապող հաբ լինել»,- ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի ինքնաթիռի՝ Բաքվում վայրէջք կատարելու մասին գրում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը և վկայակոչում վիճակագրական տվյալներ, թե ինչ ծավալի բեռնափոխադրումներ են իրականացվելու մոտ ապագայում, երբ գործարկվի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը, որ Սանկտ Պետերբուրգը կկապի Պարսից ծոցի նավահանգիստներին և Հնդկաստանին:

Ըստ այդ տեղեկությունների՝ անցած տարում Ադրբեջանը ԵԱՏՄ տարածքի երկրներում ֆինանսական ներդրումների ծավալով գերազանցել է Ռուսաստանին, իսկ ընդհանուր հաշվարկով նրանից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Հրապարակման ինչպես ասում են «մեխն» այն է, որ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի Կասպյան տարածաշրջանն ինտեգրի Պարսից ծոցին:

Պետք է արձանագրել, որ վերջին մի քանի տարիներին Բաքուն, իրոք, բավական սերտ շփումներ ունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ: Հատկապես առանձնանում է վերարտադրվող էներգիայի բնագավառում Արաբական միացյալ էմիրությունների ներդրումը. մեկ արևային էլեկտրակայանների ցանց կառուցվում է Ապշերոնում, մյուսը պետք է հիմնադրվի Ջեբրայիլում:

Չափազանց դիտարժան է, որ Վիտկոֆի Բաքու «այցից» մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է այսպես կոչված «Իսլամական ութնյակին» միանալու մասին համաձայնագիրը: Այդ կառույցը պաշտոնապես կոչվում է «Տնտեսական կոոպերացիայի կազմակերպություն» և ներառնում է իսլամադավան ութ պետություն՝ Բանգլադեշ, Եգիպտոս, Նիգերիա, Իրան, Մալայզիա, Պակիստան և Թուրքիա:

Աչքի է զարնում փաստը, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն անցյալ ամիս շրջայց է կատարել Մալայզիայում, Ինդոնեզիայում և Պակիստանում, որտեղ նրան հռչակել են ոչ միայն թուրքական, այլև ամբողջ իսլամական աշխարհի առաջնորդ:

«Իսլամական ութնայիկին» Ադրբեջանի անդամակցության պայմանագրի վավերացումը որևէ կապ ունի՞ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի Բաքու «այցի» հետ: Չնայած պաշտոնական տեղեկատվության բացակայությանը՝ անպատկերացնելի է, որ ավելի քան չորս ժամ անցկացնելով Բաքվում՝ Ուիթկոֆը ոչ մի շփում ադրբեջանցի պաշտոնյաների հետ չի ունեցել:

Իսկ եթե համադրում ենք նրա «այցին» հաջորդած՝ ադրբեջանական իշխանամերձ մամուլի հրապարակումները, ապա տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնը Բաքվին ուղղությունը՝ դեպի Մերձավոր Արևելք ցուցում է տվել:

Թրամփի վարչակազմի համար իսրայելա-պաղեստինյան կարգավորումը վերածվել է «գորդյան հանգույցի», նոր պատերազմը հղի է տարածաշրջանային համընդգրկուն ֆորս մաժորի սպառնալիքով, իսկ կողմերի մոտեցումները շարունակում են մնալ տրամագծորեն ներհակ:

Ի տարբերություն արաբական երկրների և նույնիսկ Թուրքիայի՝ Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի հետ հարաբերությունները ոչ միայն չի խզել, այլև ավելի է խորացրել: Իսրայելական մամուլում տեղեկություն է տարածվել, որ քննարկվում է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան քաղաքական կոոպերացիայի ստեղծման հնարավորությունը:

Կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան ոչ հրապարակային բանակցություններում քննարկվում է նաև հետխորհրդային ամբողջ տարածքում ազդեցության «վերաբաժանման» խնդիրը: Բաքվի լրատվամիջոցի հիշեցումը, որ ԵԱՏՄ տարածքում Ռուսաստանից հետո Ադրբեջանը երկրորդ ներդրողն է, պետք է, թերևս, հասկանալ այն իմաստով, որ Բաքուն իր աշխարհաքաղաքական կողմնորոշումն ընդունել է, բայց ցանկալի է տեսնում, որ ԱՄՆ-ն լինի իր անկախության երաշխավորը:

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացը նման երաշխիք հազիվ թե կարող է տալ: Ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի հայ-ադրբեջանական պայմանագիրն ստորագրվի և վավերացվի: Վաշինգտոնը Հարավային Կովկասում խաղաղության հաստատո՞ւմն է տարածաշրջանի երկրների ինքնիշխանության երաշխավոր ճանաչում: