19/04/2025

Հայաստանը, ցավոք, կմնա ԱՄՆ – Իսրայել – Ադրբեջան եռակողմ համակարգվածության աքցանում

The Jerusalem Post-ը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի՝ Մոսկվայից մի քանի ժամով Բաքու մեկնելու իրողությանը, եզրակացրել է, որ դա ԱՄՆ – Իսրայել – Ադրբեջան եռակողմ համակարգվածության դրսևորում է:

Ըստ իսրայելական պարբերականի՝ այդ այցը նախապատրաստվել է դեռևս մարտի 5-ից, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն խոսել է երեք երկրների միջև սերտ գործակցության մասին:

Ավելին՝ պարբերականը հիշատակում է հրեական րաբբիների նամակը Թրամփին, որով նրանք կոչ են արել ԱՄՆ նախագահին խորացնել երեք երկրների միջև հարաբերությունը: Բարդ է միարժեք ասել, իսրայելական պարբերականի անդրադարձը արտացոլում է այն, ինչ կա՞, թե՞ այն, ինչ կցանկանար Նաթանյահուն, որը գուցե փորձում է Ուիթկոֆի այցից ստանալ քարոզչական որոշակի էֆեկտ:

Հատկանշական է, որ իսրայելական պարբերականը Ուիթկոֆի Բաքու կատարած այցի «շղթայում» չի հիշատակում Ռուսաստանին: Այսինքն՝ Մոսկվան չունի՞ որևէ առնչություն այդ այցին: Այցը եղել է բոլորովին ա՞յլ օրակարգային հարցեր քննարկելու համար:

Նախօրեին Իլհամ Ալիևը Եվրանյուզին տված ճեպազրույցում ասել է, թե խանդավառությամբ սպասում է Թրամփի վարչակազմի հետ աշխատանքին: Հետաքրքիր է, Ալիևն այդ ճեպազրույցն ունեցել է մի՞նչև Ուիթկոֆի Բաքու ժամանելը, այսինքն՝ նա «խանդավառությամբ» սպասում էր Ուիթկոֆի՞ն, թե՞ Եվրանյուզին ճեպազրույցը եղել է այդ այցից հետո և հենց հատուկ բանագնացն է «խանդավառել» Ալիևին ինչ-որ առաջարկով:

Բոլոր դեպքերում, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացի Բաքու այցը, իհարկե, ունի հատուկ ուշադրության անհրաժեշտություն, անկախ, թե ինչ օրակարգով կարող էր պայմանավորված լինել այդ այցը:

Ի վերջո, իսրայելական կողմի անդրադարձը նաև դրա վկայությունն է: Իսկ պատկերն ընդհանրապես վկայում է այն մասին, որ Հայաստանը, թերևս, պետք է առավել մեծ ուշադրության արժանացնի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունը:

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արտահայտել էր միտք, թե Սիրիայում Հայաստանն ու Թուրքիան կարող են գործակցել:

Անշուշտ, Սիրիայի հարցում, հաշվի առնելով այնտեղ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունը, կարևոր է ունենալ Թուրքիայի հետ խոսակցության հնարավորություն:

Բայց Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությունն այդ իմաստով պետք է մյուս դերակատարների հետ երկխոսությամբ առնվազն բալանսավորի Թուրքիայի դերը, քանի որ հակառակ պարագայում դա կլինի ոչ թե Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականություն, այլ Հայաստանը կլինի Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության կամա, թե ակամա ենթակա:

Translate »