14/02/2026

Ինչ են քննարկել Ուկրաինայի ու ԱՄՆ-ի բանակցողները Էր Ռիադում

USA Ukraine e1739952807836

Նախօրեին՝ մարտի 23-ին, Էր Ռիադում տեղի են ունեցել Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների միջև հերթական բանակցությունները:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Մինչ այդ, նախարարն ասել էր, որ բանակցությունների սեղանին, մասնավորապես, առաջարկներ են էներգետիկ օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ։

Ումերովի խոսքով, գրեթե 4 ժամ տևած քննարկումն արդյունավետ է եղել և վերահաստատել, որ այն կենտրոնացել է առանցքային հարցերի վրա, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան ՌԻԱ Նովոստի-ին հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների ընթացքը։

Նա միայն հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը Ռիադում չի հանդիպի ռուսականի հետ։

Կադրեր, թե ինչպես է ուկրաինական պատվիրակությունը հեռանում Էր Ռիադում ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումից.

Հիշեցնենք՝ այսօր նախանշված է նաև ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլը: