01/04/2025

Հարավային Կովկասում ի՞նչ կփոխվի` սպասել Բաքվի «փորձագիտական» անդրադարձին

«Անկարան պատրաստ է Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելուն ցանկացած աջակցություն ցույց տալ, ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը»,- մարտի 28-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգության ապոհվման ուղղությամբ բարի կամքի քայլերը կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործընթացին:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը շեշտել է Մոսկվայի և Անկարայի համատեղ աշխատանքի կարևորությունը՝ Սիրիայում հասնելու հաստատուն խաղաղության և կայունության, ինչպես նաև հանդես է եկել «Սիրիական դեմոկրատական ուժերի» կազմալուծման օգտին:

Որքանով հասկացվում է, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ուշագրավ է, սակայն, որ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում սկսված բողոքի զանգվածային ցույցերի հաջորդ օրը Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկոովը հայտարարել է, որ Պուտինն ընդունել է Թուրքիա այցի հրավերը: Թուրքական մամուլն այդ հայտարարությունը գնահատել է Ռուսաստանի նախագահի կողմից Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ցուցաբերած աջակցություն»:

Այս դեպքում, թերևս, կարելի է ասել, որ Էրդողանը «պարտքի տակ չի մնացել». վերջին օրերին Թուրքիան ակնհայտորեն մեղմել է Ուկրաինայի հարցում հռետորաբանությունը և, կարծես, հնարավորինս դիստանցավորվում է Ուկրաինային աջակցելու եվրոպական նախաձեռնություններից:

Ավելի վաղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել Եվրոպայի անվտանգության համակարգին արժանի ներդրում ունենալ: Իհարկե, բացառված չէ, որ Եվրոպան Թուրքիայի ներգրավվածության հարցում լուրջ վերապահումներ ունի:

Բայց Ստամբուլի քաղաքապետի կալանավորման, այդ կապակցությամբ բողոքի զանգվածային ցույցերը Թուրքիայում կրկին ակտուալացրել են «արևմտյան թշնամիների» թեման: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին հայտարարել է, որ հարկ կլինի սեփական կյանքի գնով պաշտպանել Թուրքիան:

Այս համատեքստում ռուս-թուրքական երկխոսության վերամեկնարկումը միանգամայն տրամաբանական է, Թուրքիան կանգնած է լրջագույն ընտրության առջև, և Ռուսաստանի աջակցությունը կարող է հօգուտ ազգայնականության ներքաղաքական դասավորություն փոխել: Փորձագետներն այսօր Թուրքիայի իշխանության և ընդդիմության շանսերը գրեթե հավասար են գնահատում:

Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ չափազանց էական է Սիրիայում երկու երկրների համագործակցության հեռանկարի ուրվագծումը: Մինչև բոլորովին վերջերս Թուրքիան արաբական այդ երկրից Ռուսաստանի երկու ռազմահենակայանները հեռացնելու բաց քարոզչություն էր իրականացնում:

Երևում է՝ Անկարայում չեն հավատում, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևելքից կհեռացնի իր սահմանափակ զորախումբը: Էրդողանը Պուտինին առաջարկում է ջանքեր համատեղել՝ լուծարելու «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցը:

Փաստացի խոսքը Սիրիայում քրդական ինքնավարությունը վերացնելու մասին է: Նման խնդիր լուծելու համար, սակայն, հարկ կլինի ունենալ Միացյալ Նահանգների համաձայնությունը:

Էրդողանը, այսպիսով, առաջարկում է, որ Վաշինգտոնի հետ քննարկումներում Մոսկվան բարձրացնի նաև Սիրիայի նկատմամբ «հովանավորության» խնդիրը: Անկարան, կարելի է ենթադրել, սեփական հնարավորություններով Սիրիան «կլանելու» ծրագիրը ձախողել է: Ռուսաստանը կարո՞ղ է Սիրիայի համար պատասխանատվություն կիսել:

ԱՄՆ-ը կընդունի՞ այդ տարբերակը: Մանավանդ որ Սիրիայում ազատ գործում է Մերձավոր Արևելքում նրա թիվ մեկ դաշնակից Իսրայելը: Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Ըստ երևույթին՝ նրանք անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Պետք է սպասել Բաքվի «փորձագիտական» անդրադարձին: Հարավային Կովկասում ի՞նչ կփոխվի:

Translate »