«Անադոլուն» շատ հետաքրքրական տեղեկություն է հայտնում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեն ամբողջ կազմով ժամանել է Մոսկվա: Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել կոմիտեի նախագահ Ֆուադ Օքթայը:
«Հույս ունեմ, որ նախատեսված հանդիպումները, որ մենք կունենանք մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ մտքերի փոխանակման նպատակով, արդյունավետ կլինեն»,- գրել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը:
Թուրքիայի խորհրդարանական «դեսանտը» Մոսկվա է ժամանել Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար բավական բարդ իրավիճակի ֆոնին: Ընդ որում՝ Էրդողանը բախվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին լուրջ մարտահրավերների:
Որքանով դիտարկվում է, Թուրքիայի նախագահի Միացյալ Նահանգներ այցը չի ստացվում: Թուրք-ամերիկյան առանց այդ էլ բարդ հարաբերություններին գումարվել է Մասաչուսեթսի համալսարանի ասպիրանտ Ռյումեսա Օզթյուրքի արտաքսման հետ կապված իրավիճակը: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրան անվանել է «խելացնոր»: Օզթյուրքը վերջին մի քանի ամիսներին ի աջակցություն Պաղեստինի և ընդդեմ Իսրայելի՝ բազմաթիվ ակցիաներ է իրականացրել: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆաքան Ֆիդանի կարծիքով՝ Օզթյուրքի հետ կապված իրավիճակը բացահայտում է ԱՄՆ-ում ներքին պայքարը:
Արտաքին «ճակատում» Թուրքիայի ամենալուրջ կորուստ կարելի է համարել ուկրաինական կարգավորման հարցով ԱՄՆ- եվրոպական «եռյակ» բանակցությունները, որ այս շաբաթ պետք է շարունակվեն Լոնդոնում:
Էրդողանը բազմիցս հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին: Երևում է՝ նրա «ծառայությունը» մնացել է չպահանջված:
Երկրորդ տարին է, ինչ Անկարայում սպասում են Ռուսաստանի նախագահ Պուտինին: Մոսկվան հրավերը չի մերժում, բայց այցը չի կայանում: Ակնհայտ է, որ Պուտինը չի ընդունում Ուկրաինայի հարցում թուրքական միջնորդությունը՝ նպատակ ունենալով «գործարքի պայմանները» համաձայնեցնել Միացյալ Նահանգների հետ:
Առկա իրավիճակում, սակայն, ուկրաինական կարգավորմանը Թուրքիայի ներգրավվածությունը Մոսկվային կարող է ձեռնտու լինել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը վերստին դժգոհել է գործընթացին եվրոպական «եռյակի» մասնակցությունից:
Եվ եթե չհաջողվի չեզոքացնել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա-Գերմանիա կոնսենսուսը, ապա, գուցե, Ռուսաստանը փորձի ներգրավել Թուրքիային:
Ըստ երևույթին՝ Անկարայի խորհրդարանական «դեսանտը» Մոսկվայում քննարկելու է այդ, ինչպես նաև Սիրիայի հետ կապված հարցեր: Բաշար Ասադի տապալումից հետո Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը շատ կտրուկ դեմ է արտահայտվել: Բայց այլևս իրողություն է, որ Անկարան ի զորու չէ միայնակ «կառավարել» Սիրիան:
Նույն օրը, երբ թուրքական պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Զամերն այցելել է Գոլանի բարձունքներ և Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտի: Նա հայտարարել է, որ «Սիրիան փլուզված է, Իսրայելը չի կարող իր անվտանգությունը վստահել անցումային կառավարությանը»:
Դա հստակ ակնարկ է, որ Իսրայելը Սիրիայի հարավից հեռանալու մտադրություն չունի: Այդ իրավիճակում Սիրիայի արևմուտքում Ռուսաստանի ռազմահենակայանները կարող են իսրայելական «էքսպանսիան» հակակշռող գործոն լինել:
Շատ կարևոր է նաև, որ Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Մոսկվա է այցելում ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանի հետ հեռախոսազրույցից հետո:
Մոսկվան հայ-թուրքական կարգավորմանն «աջակցելու» պատրաստակամություն է հայտնել: Ըստ երևույթին՝ թուրք խորհրդարանականները քննարկելու են նաև այդ, ինչպես նաև հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հետ կապված հարցեր:
Ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ամբողջ կազմով ժամանել է Մոսկվա: Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել կոմիտեի նախագահ Ֆուադ Օքթայը: Նա ասել է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների, գլոբալ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այլ մանրամասնություններ առայժմ հայտնի չեն: Ռուսաստանյան մամուլը թեմայի շուրջ լռություն է պահպանում: Ըստ երևույթին՝ քննարկումները խորհրդապահական բնույթի են:
Այս ֆոնին ուշագրավ է, որ ՏԱՍՍ-ը կարճ հարցազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի կրտսեր որդու՝ Նաջմեդին Բիլալ Էրդողանի հետ, որի ընթացքում վերջինս չի թաքցրել Ռուսաստանի հանդեպ համակրանքը: «Իհարկե, ինձ հաճելի է այցելել Ռուսաստան, ես եղել եմ նույնիսկ Յակուտսկում, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Սոչիում»,- ասել է Բիլալ Էրդողանը:
Նրա ներկայացմամբ՝ ռուսաստանյան խոհանոցը հարուստ է, ներառնում է նաև թուրքախոս ժողովուրդների ավանդույթները, ուստի հաճելի է, մոտ և ծանոթ: Բիլալ Էրդողանը Թուրքիայում հայտնի է որպես Tuqva երիտասարդական հիմնադրամի նախագահ, որ կազմակերպում է ակնհայտ քաղաքական բնույթ ունեցող զանգվածային միջոցառումներ: Բացի այդ Բիլալ Էրդողանը Էթնասպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահն է, որ նրա նախաձեռնությամբ Ստամբուլում ստեղծվել է 2015 թվականին:
Թուրքական մամուլն ավելի վաղ տեղեկություն է տարածել, որ 2016թվականի «ռազմական հեղաշրջման փորձից» հետո Բիլալ Էրդողանը մի քանի տարի ապրել է արտերկրում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բիլալ Էրդողանը հայտնի է նաև որպես խոշոր գործարար:
Պատահակա՞ն է արդյոք, որ նա Մոսկվայում է գտնում, երբ այնտեղ է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն, որ պետք է ռուսաստանյան կողմի հետ քննարկի կարևոր, այդ թվում և գլոբալ ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՏԱՍՍ պետական գործակալությունն ինչո՞ւ է բացահայտել Էրդողանի որդու Ռուսաստանի հանդեպ համակրանքը, ՌԴ թուրքախոս սուբյեկտների հետ նրա կապերը:
Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին երկու-երեք տարիներին նկատելիորեն բարդ են, Վլադիմիր Պուտինն այդ ընթացքում այդպես էլ Անկարա չի այցելել: Ըստ թուրքական աղբյուրների՝ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման: Ամերիկյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Սպիտակ տունը Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու նախապայման է առաջարկել՝ ապամոնտաժել կամ Ինջիրլիքի ամերիկյան ռազմահենակայան տեղափոխել ռուսաստանյան C – 400 ՀՕՊ միջոցները:
Իսրայելական աղբյուրները պնդում են, որ Թուրքիան մտադիր է այդ միջոցները տեղաբաշխել Սիրիայի հարավում, բայց դրա համար պետք է ունենա Ռուսաստանի համաձայնությունը, քանի որ ֆորմալ առումով դա կնշանակի ռուսաստանյան սպառազինության վերավաճառք երրորդ երկրի:
Ռուս-ամերիկյան բանակցությունները, ըստ էության, ավելի լայն ընդգրկում ունեն, քան ներկայացվում է: Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը, հավանաբար, Մոսկվայում կփորձի հասկանալ, թե Ռուսաստանն ինչպես է ընդունում Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության հաստատման հեռանկարը:
Ի՞նչ դերակատարությամբ է Թուրքիայի նախագահի որդին Մոսկվա գործուղվել: Նա հանդես է գալիս որպես Էրդողանի բանագնա՞ց, կոորդինացնում է խորհրդարանական պատվիրակության հանդիպումնե՞րը: Ամեն դեպքում նույն օրերին Մոսկվայում Բիլալ Էրդողանի ներկայությունը հազիվ թե կապված լինի ռուսական խոհանոցի հանդեպ նրա հակվածության կամ էնթասպորտի միջոցառում կազմակերպելու ցանկության հետ:
Բիլալ Էրդողանը մի քանի տարի առաջ համարվում էր նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահավանական փոխարինող: Ճիշտ է, Թուրքիայում այսօր ներքաղաքական բոլորովին այլ իրավիճակ է, բայց հենց դա էլ կարող է լինել մոսկովյան նրա հիմնական առաքելությունը, Վլադիմիր Պուտինը պատրա՞ստ է ևս մեկ անգամ աջակցել Էրդողանին, որպեսզի նա պահպանի կամ իրահաջորդին փոխանցի իշխանությունը:
Բաց մի թողեք
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թուրքիա՞ն է հրաժարվել ադրբեջանական նավթը Ջեյհանից իսրայելական նավահանգիստներ հասցնել
«ԽՍՀՄ-ը դեռևս գոյություն ունի. Խորհրդային Միության փլուզման իրավական ընթացակարգը խախտվել է». Պուտինի խորհրդական